
Օսլոյի համալսարանը Բրեյվիկին թույլատրել է ուսանել անհատական ծրագրով

BBC-ի փոխանցմամբ՝ Օսլոյի համալսարանի ղեկավարությունը համաձայնվել է բանտում ազատազրկում կրող ահաբեկիչ Անդրես Բրեյվիկին հնարավորություն ընձեռել անհատական ծրագրով սովորել քաղաքագիտություն:
Օգոստոսի սկզբին ուսումնական հաստատությունը հրաժարվել էր ընդունել Բրեյվիկին՝ մատնանշելով, որ նա բավականաչափ պատրաստված չէ նրա համար, որպեսզի ձեռնամուխ լինի քաղաքական գիտությունների ուսումնասիրմանը:
Սակայն ավելի ուշ համալսարանի ղեկավարությունը հնարավոր էր համարել Բրեյվիկին անհատական կրթական մոդուլով ուսում տալը: Ընդգծվում է, որ բանտարկյալն անմիջական շփում չի ունենալու դասավանդողների հետ և ոչ մի կերպ չի հայտնվելու համալսարանի տարածքում:
Բանտապետն իր հերթին հայտարարել է, որ բանտում նորաթուխ ուսանողին հատկացվելու է առանձին սենյակ՝ պարապմունքներ անցկացնելու և անհրաժեշտ դասագրքեր ստանալու համար:
Անդրես Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին պայթյուն էր կազմակերպել Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասում, ինչի հետևանքով զոհվել էր 8 մարդ: Դրանից հետո նա կրակահերթ էր արձակել Ոտոյա կղզու երիտասարդական ճամբարում՝ սպանելով 69 մարդու: Այդ ամնենի համար նա դատապարտվել է առավելագույն պատժի՝ 21-ամյա ազատազրկման: