ՆԱՏՕ-ի երկրները 2010թ. միջուկային զենքի արդիականացման շուրջ գաղտնի համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի հետ. մամուլ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ 2010 թվականին ԱՄՆ-ի հետ կնքել են իրենց տարածքում տեղակայված ամերիկյան տակտիկական միջուկային զենքի արդիականացման մասին գաղտնի համաձայնագրեր:
Այս մասին այսօր հայտնել է բելգիական մամուլը՝ վկայակոչելով միջուկային զենքի գծով ամերիկացի հայտնի փորձագետ Հանս Քրիստենսենին, ով հանդիսանում է Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի անդամ:
Փորձագետի տվյալներով՝ այդ համաձայնագրերով նախատեսվում է արդիականացնել ամերիկյան B-61 տիպի տակտիկական ռումբերը: Խոսքը գնում է մոտ 200 ռումբի մասին, որոնք 1960-ական թվականներից գտնվում են Գերմանիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Իտալիայի ու Թուրքիայի տարածքներում:
Ամերիկացիները մտադիր են այդ միջուկային զինամթերքը վերափոխել B-61-12 ռումբի, որոնք հագեցած կլինեն GPS համակարգով: Անկախ փորձագետների տվյալներով՝ Բելգիայի Կլյայն-Բրոգել ավիաբազայում պահվում է B-61 տիպի 10-20 ամերիկյան միջուկային մարտագլխիկ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական մամուլը գրեց, որ Ինջիրլիքի ավիաբազայում պահվում է B61-12 տիպի միջուկային 60-70 ռումբ (2001թվականին դրանց քանակը կազմում էր 90, իսկ հետագայում կազմելու է 50), որից 10-20-ը հատկացվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին (դրանց կիրառումը սակայն պետք է լինի միայն ԱՄՆ-ի թույլտվությամբ):
2017 թվականին Ինջիրլիքում պահվող 320 կգ-անոց ու 3.5 մ երկարությամբ B61-12 ռումբերը փոխարինվելու են B61-3/4 նոր մոդելի միջուկային ռումբերով: Մինչև 1995 թվականն ամերիկյան ատոմային ռումբեր պահվել են նաև Աքընջըի ու Բալըքեսիրի ավիաբազաներում, սակայն ավելի ուշ դրանք ամբողջովին կենտրոնացվել են Ինջիրլիքում: