
10 տարում Ադրբեջանում նավթի արդյունահանումն աճել է 2.8, իսկ գազի արդյունահանումը՝ 3.4 անգամ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 10 տարում Ադրբեջանում նավթի ու գազի կոնդենսատի արդյունահանումն աճել է 2.8 անգամ: 2003 թվականին այն կազմել է 15.380.000 տոննա, իսկ 2012 թվականին հասել է մինչև 42.980.000 տոննայի:
Այս մասին հայտնել է Պետական վիճակագրական կոմիտեն: 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանում նավթի ու գազի կոնդենսատի արդյունահանումը կազմել է 29.120.000 տոննա, ինչը մեկ տոկոսով պակաս է՝ համեմատած 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:
Միևնույն ժամանակ այդ 10 տարվա ընթացքում գազի արդյունահանումն աճել է 3.4 անգամ՝ 2003 թվականի 5.13 միլիարդ խորանարդ մետրից հասնելով մինչև 17.24 միլիարդ խորանարդ մետրի (2012): Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանում գազի արդյունահանումը կազմել է 11.7 միլիարդ խորանարդ մետր (նախորդ տարվա առաջին 8 ամիսներին՝ 11.41 միլիարդ խորանարդ մետր):