
Աֆղանստանում հարձակման է ենթարկվել Հերատում ԱՄՆ-ի հյուպատոսությունը

Ամերիկյան Associated Press (AP) լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Հերատ քաղաքում ահաբեկչական հարձակում է իրականացվել ԱՄՆ հյուպատոսության դեմ: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտնել է, որ այդ հարձակման ժամանակ ԱՄՆ քաղաքացիները չեն տուժել:
Սակայն Քաբուլից AP-ին հայտնել են, որ ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում նաև հյուպատոսությունում որպես թարգմանիչ աշխատող մի աֆղան: Ոստիկանության տվյալներով վիրավորվել է մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում նաև դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցներն ու տեղաբնակները:
Հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 05.30-ին: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: