Բաժիններ՝

Բաշար Ասադը պարզաբանել է, թե ինչու է համաձայնել քիմիական զենքը միջազգային հսկողության տակ դնելուն

Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պարզաբանել է, թե ինչու է Սիրիան համաձայնվել իր քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությանը:

Ասադի խոսքերով՝ դա չի արվել ամերիկյան ագրեսիվ սպառնալիքների ֆոնին վախի պատճառով. «Սիրիան գնացել է այդ քայլին, որպեսզի չմասնակցի նոր անմիտ պատերազմի, որը Մերձավոր Արևելքում սանձազերծել պլանավորել են ԱՄՆ-ի միլիտարիստական շրջանակները:

Ռուսաստանն իր հերթին հաստատել է, որ այնպիսի գերտերություն է, որի վրա կարելի է հույս դնել և դրա համար էլ մենք ընդունել ենք նրա առաջարկը: Դամասկոսը պահանջում է ՄԱԿ-ի փորձագետների պատվիրակության վերադարձ, որը պետք է ավարտի իր աշխատանքը՝ ստորագրված արձանագրությանը համապատասխան, և այցելի այն շրջաններ, որտեղից ազդանշաններ են ստացվել քիմիական լիցքերի կիրառման մասին:

Դա մասնավորապես վերաբերում է Հալեպի մոտ գտնվող Խան էլ-Ասալին: Դա անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, թե որտեղից են զինյալները ստացել թունավոր գազեր: Նրանց քիմիական նյութեր տրամադրած և կիրառել թույլատրած երկրները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Վաշինգտոնը չի ներկայացրել Դամասկոսի հասցեին իր մեղադրանքների համոզիչ ապացույցներ: ԱՄՆ-ը նախկինում էլ՝ Ջորջ Բուշ-կրտսերի ժամանակ, կիրառում էր քարոզչական հնարքներ՝ իր պատերազմներն արդարացնելու համար: Այդպես պատահեց 10 տարի առաջ Իրաքի հետ, երբ պետքարտուղար Քոլին Փաուելը Բաղդադին մեղադրեց զանգվածային ոչնչացման զենք արտադրելու մեջ, սակայն հետո պարզվեց, որ դա կեղծիք էր:

Բարաք Օբամայի վարչակազմը ստում է ավելի պակաս պրոֆեսիոնալ ձևով, քան՝ նրա նախորդները: Նրանք (Բարաք Օբամայի վարչակազմի անդամները) այս անգամ չկարողացան կեղծիքով համոզել անգամ իրենց դաշնակիցներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս