
Ասադի զինվորականները քիմիական զենքը թաքցրել են 50 օբյեկտում. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ սիրիացի զինվորականները քիմիական զենքն ու թունավոր նյութերը ցրել են երկրի առնվազն 50 օբյեկտներում, որպեսզի ամերիկյան հետախուզության համար բարդ լինի հաշվարկել դրանց քանակը: Այս մասին պարբերականին հայտնել են նրա աղբյուրները:
Ավելի վաղ հատուկ ծառայությունները ստացել էին տեղեկատվություն, որ քիմիական զենքը պահվում է Սիրիայի արևմուտքում ընկած մի շարք օբյեկտներում: Քիմիական զենքի տեղաշարժ գրանցվել է նախորդ շաբաթ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում էր հարված հասցնել Սիրիային՝ կապված օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման հետ:
Պարբերականի տվյալներով՝ Սիրիայում քիմիական զենքի փոխադրմամբ զբաղվում է Unit 450 ծածկանուն ունեցող գաղտնի ստորաբաժանումը, որը համարվում է էլիտար զորամաս: Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Բաշար Ասադի զինվորականներն ունեն 1000 մետրական տոննա քիմիական ու կենսաբանական նյութեր: Այս տեղեկատվությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: