Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ-ի գագաթաժողովը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր մեկնարկել է ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի 13-րդ նիստը: Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի ղեկավարներն իրենց աշխատանքը սկսել են նեղ շրջանակով:
Ավելի ուշ նրանց կմիանան ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների՝ Իրանի, Աֆղանստանի ու Մոնղոլիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարները, ԱՊՀ-ի գործադիր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, Հնդկաստանի ու Պակիստանի ներկայացուցիչները:
Նիստը բացել է 2013 թվականին ՇՀԿ-ում նախագահող Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Գագաթաժողովի արդյունքներով՝ կազմակերպության նախագահությունը Ղրղզստանից կհանձնվի Տաջիկստանին:
Գագաթաժողովում քննարկվելու են Սիրիայի ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՇՀԿ-ի ընդլայնման հարցը: Ուշադրության կենտրոնում է լինելու նաև Աֆղանստանի հարցը՝ կապված այդ երկրից միջազգային զինվորական կոնտինգենտի դուրս բերման հետ, ինչպես նաև ահաբեկչության, թմրանյութերի շրջանառման ու անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի հարցը: