Բաժիններ՝

Հայկ Ալումյան. Ավետիք Բուդաղյանին սպանում են և ասում, որ դա եղել է անհրաժեշտ պաշտպանություն

Ինչպես հայտնի է, Սուրեն Խաչատրյանի որդու փաստաբան Ռուբեն Սահակյանի, ապա նաև հունիսի 1-ին Խաչատրյանների տան մոտ տեղի ունեցած դեպքի գործով քննիչ Ալեքսան Ղազարյանի ասուլիսների ժամանակ վերջիններս մեղադրանքներ հնչեցրեցին Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հասցեին՝ ասելով, որ նա մամուլին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել կամ սխալ մեկնաբանել դրանք, թաքցրել դրանց մի մասը: ԳԱԼԱ-ն պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցել է Հայկ Ալումյանի հետ:

– Պարոն Ալումյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին մի քանի օրերին ձեր հասցեին նախաքննական մարմնի և Ռուբեն Սահակյանի կողմից հնչող մեղադրանքներն այն մասին, որ դուք Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի քրեական գործի վերաբերյալ կեղծ տեղեկություններ եք տարածել:

-Երբ ես լսում եմ մյուս կողմի փաստաբանների մեկնաբանությունները, ակամայից ամերիկացի փաստաբանների մի ասացվածք եմ հիշում: Ասում են՝ եթե ունես փաստեր, ապա դրանցով պիտի խփես երդվյալ ատենակալների ուղեղին, եթե ունես օրենքներ, ապա դրանցով պիտի խփես դատավորի ուղեղին, իսկ եթե ո՛չ փաստեր ունես, ո՛չ էլ օրենքներ, ապա պիտի ձեռքդ խփես սեղանին: Հիմա նրանք ձեռքերը սեղանին խփելով՝ փորձում են ինչ- որ բան ապացուցել:

– Քննիչն ասում է, որ Ալումյանը ինֆորմացիա է տարածել այն մասին թե, իբր ժամը 23:00-ի սահմաններում է ձեզ հանձնվել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում, իսկ մինչ այս չեք պատասխանել հեռախոսազանգերին և նշում, որ ինքն իրավունք ուներ այդ որոշումը ձեզ փոստով ուղարկել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 9-ին:

– Ես ժամը 11:00-ի սահմաններում մամուլում եմ կարդացել, որ այդպիսի որոշում է կայացրել ՊՆ քննչական ծառայությունը, գուցե ես էլ եմ որոշակի ժամանակահատված անհասանելի եղել, բայց որոշումը կայացնելու օրը 23:00-ի սահմաններում է ինձ հանձնվել որոշումը՝ իմ գրասենայում: Սակայն դա հարցի մի կողմն է: Եթե իրենց մամուլի ծառայությունը նման ինֆորմացիա էր տարածում, ապա առնվազն պատշաճ կլիներ, որ ես այդ մասին իմանայի մամուլի ծառայությունից գոնե մի քիչ շուտ: Ես վերջիվերջո ներկայացնում եմ սպանված տղայի հորը: Էմիլ Բուդաղյանը դա պիտի բոլորից շուտ իմանար: Իհարկե, Աստված մի արասցե, բայց այդ քննիչը չի՞ ուզում իրեն դնել սպանված տղայի հոր տեղը, ով մամուլից է իմանում այն մասին, որ իր որդու սպանության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել: Կամ օրենքի մեջ որտե՞ղ է գրված, որ ՊՆ քննչականի մամուլի ծառայությունը պիտի հրապարակեր այդ ինֆորմացիան: Թող մեզ երկուշաբթի առավոտյան ասեին, երեկոյան էլ իրենք տարածեին:

Կարդացեք նաև

– Ըստ ներկայացվածի՝ գործի նյութերում առկա են Արտակ Բուդաղյանի մի քանի ցուցմունքներ, և Արտակ Բուդաղյանը իր նախնական ցուցմունքում նշել է, որ ինքը Արման Հակոբյանից վերցրել է Ժիգուլի մեքենան, զենքը և եկել դեպքի վայր, սակայն հետագայում ցուցմունքը փոխել է և ասել, որ ինքը զորամաս գնալիս է եղել: Ինչո՞ւ էր Բուդաղյանը Ժիգուլիով մեկնում զորամաս, այլ ոչ թե իր ծառայողական մեքենայով:

– Դուք մոռանում եք, որ Ավետիք Բուդաղյանն է սպանվել, ինչո՞ւ ենք ընկնում Արտակ Բուդաղյանի գործողություների ետևից: Ասում են, որ անհրաժեշտ պաշտպանություն է եղել: Բայց դուք հետևեք Ավետիք Բուդաղյանի գործողություններին: Նա առաջին անգամ մեքենայից դուրս է եկել, որպեսզի Արտակ Բուդաղյանին դեպքի վայրից տանի: Դրանից հետո Ավետիք Բուդաղյանին սպանում են և ասում, որ դա եղել է անհրաժեշտ պաշտպանություն:

– Նախաքննական մարմինը, Տիգրան Խաչատրյանի ցուցմունքից մեջբերելով հատված, նշում է, որ երբ վերջինս Արտակ Բուդաղյանի վրա կրակել է, Ավետիք Բուդաղյանը զենքը ուղղել է իր դեմ և ասել ՝ Տիգրան, սպանելու եմ, որից հետո ինքը երկու կրակոց է արձակել Ավետիքի ուղղությամբ:

– Այս վարկածի հեղինակները ոչ թե քննիչներ պիտի աշխատեին, այլ ֆանտաստիկ գրականության հեղինակներ: Տիգրանը կրակել է 3 անգամ. առաջինը՝ Արտակ Բուդաղյանի ուղղությամբ, իսկ մյուս երկուսն անմիջապես ուղղել է Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Այսինքն՝ առաջին կրակոցից հետո ինչ-որ բան տեղի չի ունեցել, որից հետո նոր նա կրակել է մյուս երկուսը: Դրանից հետո միայն երևում է Արտակ Բուդաղյանը՝ ձեռքին զենք:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս