Բաժիններ՝

ԱՄՆ-ում «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման գործով իրեն մեղավոր է ճանաչել ևս 8 հայ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման գործունեությանը մասնակիցներից ընդհանուր առմամբ 59 մարդ իրեն մեղավոր է ճանաչել իր դեմ ներկայացված մեղադրանքներով, որոնք առնչվում են կողոպուտներին, սպանություններին, առևանգումներին, դրամաշորթումներին, մեքենայություններին, թմրանյութերի մաքսանենգությանը և զենքի ապօրինի շրջանառմանը:

Այս մասին նշված է ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում: ԱՄՆ իրավապահ մարմինները 2011 թվականի փետրվարին իրականացրել էին մասշտաբային գործողություն, ինչի արդյունքում Լոս Անջելեսում ու Գլենդելում ձերբակալել էին տասնյակ մարդկանց:

Ընդհանուր առմամբ, ամբաստանյալի աթոռին է հայտնվել 70 մարդ, մեղադրականը բաղկացած է 140 կետից: Ամբաստանյալներից 29-ը մեղադրվում են կազմակերպված հանցավորության մասին օրենքը (RICO) խախտելու մեջ:

Իրավապահների տվյալներով՝ «Հայկական ուժ» խմբավորումը, որի մեջ մտել են գլխավորապես Հայաստանից և հետխորհրդային մյուս երկրներից ժամանածները, Լոս Անջելեսում կազմավորվել է դեռևս 1980-ական թվականներին: Բանդան ունի մինչև 250 անդամ:

Երեքշաբթի Կալիֆոռնիայի դաշնային դատարանում, ուր ընթանում է տվյալ գործը, իր մեղավորությունն ընդունել է ևս 8 ամբաստանյալ՝ Կարո Երկանյան, Արման Թանգաբեկյան, Արթուր Փեմբեջյան, Ռեյմոնդ Թարվերդյան, Սիմոն Անտոնյան, Խաչատուր Առաքելյան, Վարթենի Անանյան ու Ադամ Դավուդյան:

Դրանով իսկ տվյալ գործի շրջանակներում իրենց մեղքը ճանաչածների քանակը հասել է 59-ի: Այդ 8 ամբաստանյալների նկատմամբ դատավճռի կայացումը կմեկնարկի նոյեմբերի 25-ին: Երկանյանին սպառնում է ավելի քան 100 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս