
Ճապոնիայում կառուցվելու է աշխարհի ամենամեծ դիտման անիվը (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական, հոլանդական ու իտալական ընկերությունների խումբը մշակել է Ճապոնիայում Nippon Moon դիտման հսկա անիվի կառուցման նախագիծը: Ենթադրվում է, որ այն կլինի ամենաբարձր դիտման անիվն աշխարհում:
Այն նախագծողների խոսքերով՝ դիտման անիվը պետք է առնվազն կրկնակի մեծ լինի լոնդոնյան London Eye-ից, որի բարձրությունը կազմում է 135 մետր: Անիվը բաղկացած կլինի 32 «տնակից», որում կկարողանա ազատորեն տեղաշարժվել 12-15 մարդ:
Յուրաքանչյուր ցանկացող սմարթֆոնների օգնությամբ կարող է օգտագործել «հավելյալ իրականություն» (AR) գործառույթը. սմարթֆոնի էկրանին կհայտնվի տեսադաշտի նույն պատկերը՝ հավելված տեղեկատվական տեղեկանքներով, անիմացիոն նկարներով և այլն:
Անիվը մեկ պտույտը գործելու է 40 րոպեում: Դեռ հստակեցված չէ, թե որ քաղաքում է կառուցվելու այն: