ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյան. «Այո´, մենք ունենք արմենչիկների բալելշիկներ»
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության մասին նշեց, որ կողմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը:
«Բնականաբար, ես կողմ եմ, ես միշտ կողմ եմ եղել Ռուսաստանի հետ հարաբերություններին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Վերջինս եվրասիական և եվրոպական ինտեգրացիաների հարցի տնտեսական, քաղաքական և ռազմական կողմերի մասին խոսելուց բացի` անդրադարձավ նաև հարցի քաղաքակրթական ասպեկտին` կարծիք հայտնելով, թե հայ ժողովուրդն իր հոգեկերտվածքով ավելի մոտ է Ռուսաստանին, «եվրոպական արժեքները հասու չեն հայերի հոգեկերտվածքին», և «մեր ազգային արժեքները հակասության մեջ են մտնում եվրոպական ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ»:
Մենք հետաքրքրվեցինք, թե «ազգային արժեքներ» և «մեր հոգեկերտվածքը» ասելով` ի՞նչ նկատի ուներ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, օրինակ` Արմենչիկի, Արման Հովհաննիսյանի և նմանատիպ մյուս երգիչների երգացանկը լսելու զարմանալի հակո՞ւմը, թայֆայական մտածողությո՞ւնը, օլիգարխիկ տնտեսություն ձևավորելու ունակությունը, թե՞ միգուցե նա այլ ազգային արժեքների մասին էր խոսում:
«Ասեմ, ուրեմն այն, ինչ կա, կա: Եթե ասենք, թե մեր ազգի 70 տոկոսն այսօր ունի եվրոպական մտածելակերպ, ուրեմն ոչինչ ասած չենք լինի: Այո´, մենք ունենք արմենչիկների բալելշիկներ, մենք ունենք («Սաքուլիկ»,- կողքից ավելացրեց ասուլիսի մյուս բանախոսը` Գուրգեն Եղիազարյանը,- Ա.Ս.) …Ես ուզում եմ մի օրինակ բերել. արդարադատության նախարարն իր կնոջ և երեխայի հետ քայլում է Ջերմուկում, կողքից մի քանի հոգի, միմյանց հետ խոսելով, ասում են` «է՞ս ա մեր նախարարը»: Այսինքն` մենք ինքներս չգիտենք` ի՞նչ նախարարի կերպար ենք ուզում, մենք ուզում ենք հզոր նախարար, որ ձեռքը խփի սեղանին…սրան ասում են` գիշատիչ է, սենց է, նենց է: Իսկ եթե մարդը կուլտուրական է, ինտելիգենտ է, նրա մասին ասում են` սրանից նախարար դուրս չի գա…Այո´, այսօր ազգի մեծ մասը` ով կարմիր լույսի տակ անցնում է, նրան հարգում են, չեմ ասում վախենում են: Ցավոք սրտի: Էսօր` մեկը փող ունի, օլիգարխ, չգիտեմ` անունն ինչ դնեմ, հարգանք է վայելում: Մենք այդ ժողովուրդն ենք, ինչ խոսք, բոլորն այդպես չեն, բայց որ ունենք այդ տիպի մարդիկ…Այսօր մենք եվրոպացի չենք, դա վատ է: Ես խոսեցի ավանդույթների մասին, մենք եվրոպացու մենթալիտետ չունենք»,- ի պատասխան ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Մնալով ռուսական ազդեցության տակ` արդյոք մենք կազատվե՞նք վերոնշյալ արատավոր երևույթներից:
Մեր այս հարցին էլ ՀՀԿ-ական Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ ասում` մենք կմնանք ռուսական ազդեցության տակ, դրանք տարբեր բաներ ենք: Ես չեմ ասում, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լավագույնն են: Ես ասում եմ` այսօրվա մեր վիճակի և անցած պատմության դասերից ելնելով` մենք պետք է անպայման լինենք որևէ բլոկի մեջ, որպեսզի հնարավոր լինի լուծեր մեր անվտանգության և տնտեսական խնդիրները, հատկապես երբ ամբողջ աշխարհն այսօր ինտեգրվում է»: