Աբդուլլահ Գյուլը 10 տարի առաջ Թուրքիայի ազգային շահերի դեմ ուղղված գաղտնի համաձայնագիր է ստորագրել Քոլին Փաուելի հետ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ 2003 թվականին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը և ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը ստորագրել են գաղտնի համաձայնագիր, որի մանրամասները հայտնի են դառնում միայն այժմ՝ 10 տարի անց:

Այն բանից հետո, ինչ Թուրքիայի խորհրդարանը 2003 թվականի մարտի 1-ին բարդացրեց ԱՄՆ-ի կողմից Իրաքի գրավումը, երկու երկրների միջև փչեցին սառը քամիներ: ԱՄՆ-ը ցանկանում էր Իրաքի գրավման համար Թուրքիայում տեղակայել 80.000 զինծառայող ու 250 մարտական ինքնաթիռ՝ դրանով իսկ Իրաքի համար բացելով հյուսիսային ճակատ, սակայն Թուրքիայի խորհրդարանը մարտի 1-ին չթույլատրեց դա

(փետրվարի 25-ից քննարկման մեջ դրված այդ հարցի շուրջ մարտի 1-ին անցկացված քվեարկության ժամանակ 533 պատգամավորից կողմ արտահայտվեց 264-ը, դեմ՝ 250-ը, ձեռնպահ՝ 19-ը: Դրանով իսկ՝ օրինագիծը համարվեց չընդունված, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ դրա համար անհրաժեշտ էր սովորական մեծամասնություն՝ 268 քվե – 168.am):

Milliyet թերթի հոդվածագիր Ֆիքրեթ Բիլան ներկայացրել այդ ժամանակ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև կնքված գաղտնի համաձայնագրի մանրամասները, որոնց մասին Թուրքիայում խոսակցություններ են շրջանառվում արդեն 10 տարի: Մարտի 1-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից վերոնշյալ օրինագծի մերժումից առաջ և հետո թուրք և ամերիկացի չինովնիկների միջև անցկացվել են բանակցություններ և կնքվել են գաղտնի համաձայնագրեր:

Իրաքի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը սկսվեց մարտի 20-ին, ինչից հետո Թուրքիան ԱՄՆ-ի առջև բացեց իր օդային տիրույթը և երկու երկրների միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Դրանցից ամենաշատ քննարկվածը Գյուլի ու Փաուելի միջև կնքված գաղտնի համաձայնագիրն է: Դա Թուրքիայի ազգային շահերի դեմ ուղղված համաձայնագիր էր, որով Թուրքիան խոշոր զիջումների է գնացել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հարցում:

Մասնավորապես, դրանով Թուրքիան պարտավորվել է ամերիկյան ռազմական գործողության ժամանակ անխոս ընդունել Վաշինգտոնի պայմանները, այդ ընթացքում գործողություններ չձեռնարկել PKK-ի դեմ, չարձագանքել Հյուսիսային Իրաքի թուրքմեններին իրենց բնակության վայրերից զանգվածային վտարմանը, ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան՝ նվազեցնել թուրքական բանակի թվակազմը, պաշտոնապես ճանաչել Հյուսիսային Իրաքում Քրդստանի ստեղծումը:

Բացի այդ, Ինջիրլիքի, Դիարբեքիրի և Իրաքի սահմանի մոտ գտնվող թուրքական մյուս հիվանդանոցները պետք է ընդունեին Իրաքում վիրավորված ամերիկացի զինծառայողներին: Գյուլի ու Փաուելի հանդիպումը կայացել է 2003 թվականի ապրիլի 2-ին: Ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը հայտնվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը պատրատվում է ռազմական միջամտություն իրականացնել Թուրքիայի ու Իրաքի հարևան Սիրիայում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահը Գյուլը երկրի արտգործնախարար է հանդիսացել 14.03.2003-28.08.2007 ժամանակահատվածում:

Տեսանյութեր

Լրահոս