
Իտալական նորաձևության առաջատար «Versace»-ը Ղարաբաղում մտադիր է ներդրումային ծրագիր իրականացնել. Ադրբեջանում վրդովված են

asbarez.com—ի փոխանցմամբ` իտալական առաջատար «Versace» ընկերության ներկայացուցիչները չորեքշաբթի հանդիպել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ` քննարկելու նորաձեւության առաջատար` «Versace», «Armani», «Prada» եւ «Moschino» ընկերությունների համար Արցախում արտադրության ստեղծելու հնարավորությունները:
«Սա մեր առաջին համագործակցությունն է հայտնի բրենդների հետ: Սա անկախ Արցախի ամենակարեւոր նախագծերից է թեթեւ արդյունբերության ոլորտում»,-նշել է ԼՂՀ վարչապետը:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրել է, որ նախանական համաձայնությամբ` իտալական ընկերությունը կհոգա սարքավորումների ներկրման ու արտադրանքի արտահանման հետ կապված ծախսերը: «Մենք այստեղ ենք պայմաններին ծանոթանալու համար: Կարծում եմ, կկարողանանք այստեղ արտադրություն գործարկել` Ղարաբաղի կառավարության հետ համագործակցությամբ: Մենք հիմնականում արտադրելու ենք սպորտային հագուստ»,-ասել է իտալացի գործարարներից մեկը:
Ինչպես եւ սպասվում էր, նախաձեռնությունը վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում: Երկրի արտգործնախարարության կողմից «համապատասխան հրահանգներ են» տրվել Իտալիայում Ադրբեջանի դեսպանատանը: Որոշ ադրբեջանցիներ կոչ են արել բոյկոտել իտալական արտադրանքը:
virtualaz.org լրատվական կայքը հարցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Բաքվում «Versace» -ի ներկայացուցչ Ռամին Մովսումովից` հուսալով, որ տեղեկությունը կհերքվի: Սակայն վերջինս նշել է, որ «Versace»-ը ինքն է ընտրում` աշխարհի որ երկրում բացել իր ներկայացուցչությունը: