Նիկոլ Փաշինյանը պահանջում էր, որպեսզի Չինաստանում գտնվող Տիգրան Սարգսյանը հենց հիմա պատասխանի իր հարցին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին չի մասնակցում վարչապետ Տիգրան Սարգսյանը. նա, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ գործուղման է: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցից առաջ նախ նշեց, որ անընդունելի է , երբ վարչապետը չի մասնակցում նիստին, որովհետև, ըստ Սահմանդրության, վարչապետը և կառավարության անդաները պետք է մասնակցեն և պատասխանեն ԱԺ հարցերին: Ապա նա նշեց, թե հուշարձանների պահպանության մարմիները «Փակ շուկա»-ի հետ կապված տվել են համապատասխան եզրակացություն, նախագիծ, որի խախտումների մասին տեղյակ է պահվել քաղաքապետարանին, որը պետք է վերացներ խախտումները, սակայն, ըստ Փաշինյանի, իրավապահ մարմինները և քաղաքապետարանը աշխատանքը չեն կատարել, ինչի արդյունքում «Փակ շուկա» հուշարձանը ոչնչացել է:

Փաշինյանը նկատեց, թե պետք է քրեական գործ հարուցված լիներ, համապատասխան մարդկանց նկատմամբ էլ պետք է խափանման միջոց ընտրված լիներ: ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է օրենքով սահմանված կարգը խախտվել է:

ԱԺ նախագահը հայտարարեց, թե հարցին կառավարությունը գրավոր կպատասխանի, սակայն Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվեց՝ ասելով. «Թող գան Չինաստանից ու պատասխանեն: Վարչապետը իրավունք չունի լինել գործուղման մեջ, թող Սահմանադրությունը կարդա ու տեսնի, որ իրավունք չունի»: Հովիկ Աբրահամյանն էլ արդարացրեց վարչապետի բացակայությունը՝ ասելով. «Երկրի հետ կապված հարցեր են»:

Նիկոլ Փաշինյանը չէր համաձայնվում հեռանալ խոսափողի մոտից՝ պահանջելով, որ իր հարցին պատասխանի վարչապետը: «Ես իսկապես չեմ համաձայնվում: Ես պատգամավոր եմ, իրավունք ունեմ հղել վարչապետին հարց ու պատասխան ստանալ: Հիմա ստացվում է՝ ոչ «Փակ շուկան» կա, ոչ կառավարության ղեկավարը»:

Կարդացեք նաև

Հովիկ Աբրահամյանն էլ հիշեցրեց, թե վարչապետը վեց տարիների ընթացքում առաջին անգամ է բացակայում: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը համաձայնեց իր հարցին ստանալ գրավոր պատասխան:

Տեսանյութեր

Լրահոս