«Որպես ՀՀ քաղաքացի` պահանջում եմ, որ որևէ մեկը չասի, թե դա Հայաստանի որոշումն է»
«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում` անդրադառնալով եվրասիական և եվրոպական ինտեգրացիաների հարցին, նշեց, որ Մաքսային միության անդամակցությունը խաթարում է Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռությունը, և նաև ավելացրեց, որ սխալ է հակադրել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Եվրոպական միության (ԵՄ) հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, քանի որ, ըստ նրա, ասոցացումը և ԵՄ անդամակցությունը տարբեր բաներ են:
Մյուս կողմից` Ստեփան Սաֆարյանը դժգոհություն հայտնեց նաև եվրոպացի պաշտոնյաների կապակցությամբ: Նա նշեց, որ եվրոպական պաշտոնյաները ասում են, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունն անակնկալ էր իրենց համար, սակայն, ըստ Ստեփան Սաֆարյանի, իրականում եղել են նախանշաններ, որ եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ լինելու է հետքայլ:
Որպես գլխավոր նախանշաններ` Ս. Սաֆարյանը հիշատակեց այն, որ ԵՄ-ի հետ երեք տարվա բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն այս տարվա մարտին առաջին անգամ սկսեց խոսել «և´-և´»-ի քաղաքականության մասին, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները այդպես էլ չհրապարակեցին Ասոցացման համաձայնագրի տեքստը` չնայած ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հորդորին` ներկայացնել Հայաստանի հասարակությանը, թե ինչ է ստորագրվում ԵՄ-ի հետ:
«Արդյունքում սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանությունն այլևս չկարողացավ թաքցնել այն, որ ինքը շատ վաղուց խոսք է տվել Մոսկվային երկիրը միացնել Մաքսային միությանը: Այս առումով` ես, որպես ՀՀ քաղաքացի, ուղղակի պահանջում եմ, որ որևէ մեկը չասի, թե դա Հայաստանի որոշումն է, դա Հայաստանի իշխող կուսակցության, եթե չասեմ` այդ կուսակցության նախագահի որոշումն է, որը կապ չունի Հայաստանի հետ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: