Ստեփան Սաֆարյան. «Մենք զիջում ենք ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու Հայաստանի տարրական իրավունքը»
«Մաքսային միություն մտնելով` ուղղակի խաթարվում է արտաքին քաղաքականության հաշվեկշիռը, և հետագայում Հայաստանը նոր իրավիճակում է հայտնվելու և այդ իրավիճակին հարմարվելու խնդիր է ունենալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը գտնում է, որ չի կարելի հակադրել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը` Եվրոպական միության (ԵՄ) հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, քանի որ ասոցացումը և ԵՄ անդամակցությունը տարբեր բաներ են:
Ստեփան Սաֆարյանը նաև իրատեսական չի համարում իշխանության ներկայացուցիչների այն պնդումը, թե Հայաստանը կարող է շարունակել խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ: «Հարաբերությունների խորացում չի կարող լինել, քանի որ խորացվող հարաբերություններ կարող էին ստեղծվել միայն ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին պայմանագրի ստորագրման միջոցով: Դրանից դուրս մենք լավագույն դեպքում կարող ենք խոսել հարաբերությունների պահպանման մասին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը, ով, որպես «Ժառանգության» արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու, նախորդ շաբաթ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության վեհաժողովին և այս հարցը բարձրացրել է նաև եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ հարցի վերաբերյալ ամենակարևոր ասպետկներից մեկի` Ասոցացման համաձայնագրի ստորագրման հավանականությանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ իշխանություններն այժմ ձգտում են հասնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասի ստորագրմանը` առանց կարևորագույն` տնտեսական համաձայնագրի` ԽՀԱԱԳ-ի, ինչն, ըստ նրա, գործնականում բացառվում է:
«Իր ձևակերպման մեջ Եվրոպական հանձնաժողովը մի փոքր սպառնալիք է դրել այն իմաստով, որ Հայաստանին չի ներվի երեք տարվա բանակցությունների անպտուղ լինելը… Հայաստանի և Եվրամիության բանակցությունները չեն կարող ավարտվել ինչ-որ անպտուղ փաստաթղթով, ինչպիսին կարող է լինել Ասոցացման համաձայնագիրը` առանց ԽՀԱԱԳ-ի»,- ընգծեց Ս. Սաֆարյանը:
Միաժամանակ Ս. Սաֆարյանը «չափազանց մտահոգիչ» անվանեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` երեկ ԱԺ-ում այս հարցի վերաբերյալ տված բացատրությունները:
«Երեկվա հայտարարությունը կարելի է այսպես մեկնաբանել` Հայաստանը պատրաստ է շարունակելու խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքանով, որքան դրանք չեն հակասի Մաքսային միության անդամակցությանը կամ որքան թույլ կտա Ռուսաստանը: Իսկ արդյոք Ռուսաստանը թույլ կտա՞ Հայաստանին ավելի խորացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, միանշանակ ո´չ, որովհետև Ռուսաստանի անհանգստությունը, հիմնազուրկ անհանգստությունը, եկել է նրանից, որ նա գտնում է, թե Ասոցացման համաձայնագիրն իր ազդեցության գոտիները զավթելու փորձ է»,- մեկնաբանեց Ս. Սաֆարյանը:
«Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել է մի այնպիսի հանգրվանի, որ ոչ միայն վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ մենք ակնհայտորեն այն զիջում ենք, այլ նաև ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, ռազմավարական գործընկերներ ինքնուրույն ընտրելու Հայաստանի տարրական իրավունքը, որովհետև այսուհետ Հայաստանին պիտի ասեն, թե նա ում հետ ընկերություն անի, ում ինչ տա և այսպես շարունակ: Սա չափազանց վտանգավոր է»,- ավելացրեց բանախոսը:
Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հնարավոր է համարում Եվրամիության հետ հետագա համագործակցությունը` չնայած Մաքսային միությանը միանալու պաշտոնական մտադրությանը: