
Թուրքական ընդդիմությունը Եգիպտոսում քննարկել է երկու երկրների առևտրային հարաբերությունների հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս:
Այցի շրջանակներում ԺՀԿ փոխնախագահ Ֆարուք Լոլօղլուն ու Ստամբուլի նահանգից ընտրված պատգամավոր Օսման Քորութուրքը հանդիպում են ունեցել Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Մունիր Ֆահրի Աբդունուրի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ու փոխադարձ ներդրումների հարցը: Լոլօղլուն ընդգծել է, որ Եգիպտոսում գործում է 480 թուրքական ընկերություն՝ ընդհանուր երկու միլիարդ դոլարի ներդրումային ծավալով:
Լօլօղլուի կարծիքով՝ Թուրքիայի ու Եգիպտոսի միջև առևտրային հարաբերությունները պետք է զարգանան քաղաքական հարաբերություններից անկախ: