
ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը պատմում է, թե ինչպես են զարգացել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերը

ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը՝ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերի վերաբերյալ հրավիրած ասուլիսում ասաց, թե ինքը՝ որպես ՀՀ քաղաքաացի, ցավում է, որ մեր պետությունում նման դեպք է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշման համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և վերջիններս այլևս գտնվում են ազատության մեջ:
Արմեն Հարությունյանի խոսքով՝ վերջերս մամուլում դեպքին առնչվող որոշակի հանգամանքների վերաբերյալ տարաբնույթ, հաճախ փոփոխական պնդումներ են տեղ գտել: «Անհանգստություն է պատճառել այն հանգամանքը, որ դրանք չեն համապատասխանում քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին»,- ասաց Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանը հերքեց Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությունը, որ իր տղաներին կրակել են թիկունից: Ըստ Ա. Հարությունյանի՝ նշանակված համալիր փորձաքննության եզրակացություններով հիմնավորվել է, որ Բուդաղյան եղբայրների վրա առկա վնասվածքները թիկունքից չեն եղել: Արմեն Հարությունյանը հերքեց նաև այն հայտարարությունները, որ կրակոց է եղել վերևից, ինչից հետո Սուրեն Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանվ ասել է՝ «Սուրի´կ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր սենց բան էլ չի լինի»:
Արմեն Հարությունյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն անձամբ մասնակցել է դեպքի վայրի տեղազննությանը, ականատես է եղել, որ առանձանատան այն հատվածում պատշգամբ չկա: «Այդ հատվածից չէր էլ կարող լինել կրակոց»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ համացանցում տեղադրված և վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ եղած տեսանյութերը բովանդակային առումով նույնն են. «Տարբերությունը ժամանակային տևողության մեջ է»:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Արտակ Բուդաղյանը դեպքի օրը գնալիս է եղել ԼՂՀ զորամաս, ճանապարհից տեսնելով Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցող իրադարձությունները՝ մեքենայով պտտվել և գնացել է դեպքի վայր: Արմեն Հարությունյանի խոսքով՝ Հայկ Ալումյանի հայտարարությունները հերքվում են անգամ Արտակ Բուդաղյանի ցուցմունքններով:
Ա. Հարությունյանի խոսքով՝ Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ՝ իմանալով «Սըդըխի» գյոլից վերադառնալիս ավտոմեքենայում տեղի ունեցածի մասին, Արտակ Բուդաղյանը գնացել է Արման Հակոբյանի տուն, վերցրել նրա անձանական մեքենան և նրա կողմից իրեն պահ տրված հրացանը և շարժվել Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ:
«Զենքը վերցրել է, որպեսզի զենքը ձեռքին տեսնեն, հանգիստ թողնեն ժողովրդին»,- Արտակ Բուդաղյանի ցուցմունքները մեջբերեց Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ տեղեկատվություն է տարածվել նաև այն մասին, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել: Նախաքննությամբ պարզվել է, որ Ավետիք Բուդաղյանին հարվածներ է հասցրել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Արմեն Հարությունյանի տեղեկացմամբ՝ այս մասով նախաքննությունը դեռ շարունկավում է. մինչ այժմ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում ծեծի հանգամանքը: