
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հերքել է 22-ամյա ցուցարարի մահվան մեջ ոստիկանության մասնակցությունը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերն այսօր հայտարարել է, որ 22-ամյա ցուցարար Ահմեթ Աթաքանը, որի մահվան պատճառով Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ, մահացել է տանիքից ընկնելու պատճառով և ոչ թե ոստիկանների գործողության հետևանքով:
Գյուլերի պնդմամբ՝ Աթաքանը փորձել է բողոքի ակցիայի ժամանակ տանիքից պոկել արևային մարտկոցը՝ այն ոստիկանների վրա նետելու համար, սակայն սայթաքել է և ընկել տանիքից: Ցուցարարները, սակայն, պնդում են, որ Աթաքանը զոհվել է գլխի շրջանում ստացած գազային ռումբի հարվածի հետևանքով:
Գյուլերը հայտարարել է. «Չկա ամենափոքր իսկ կասկած, որ խոսքը գնում է բարձր տեղից ընկնելու մասին, ոստիկանական որևէ գործողություն չի եղել (որը կհանգեցներ նրա մահվանը): Մենք ունենք տեսագրություններ, որոնք այժմ ուսումնասիրվում են: Դրանցում հստակ երևում է այդ ամենը»: