Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ է մատուցվել
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ երեկ պատարագ է մատուցվել Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում: Պատարագն անցկացրել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Դրան ներկա են գտնվել Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, Ադանայում ԱՄՆ երկրորդ հյուպատոս Ջեյմս Մաքյլ Սաքսթոն Ռուիզը և մեծ թվով հայեր՝ երկրի ներսից ու արտասահմանից:
Պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Բայդեմիրը գոհունակություն է հայտնել, որ Դիարբեքիրում, ազանից բացի, լսվեց նաև եկեղեցու զանգերի ղողանջը:
Նա ընդգծել է, որ Դիարբեքիրը որքանով որ մուսուլմաններինն է, այնքանով էլ քրիստոնյաներինն (հայերինը) է ու ալևիներինը, եզդիներինը, ասորիներինը: