
Եգիպտոսում քարոզելու արգելք է դրվել 55.000 իմամի վրա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Եգիպտոսում 55.000 իմամի վրա դրվել է քարոզելու արգելք: Նման որոշում է կայացրել Եգիպտոսի կրոնական գործերի նախարար Մուհամմեդ Մուհթար Գոմաան:
Վերջինս Egypt Online առցանց թերթին հայտարարել է, որ այդ իմամների վրա պետության կողմից քարոզելու արգելք է դրվել նրանց արմատական հայացքների պատճառով, որոնք սպառնալիք են հանդիսանում երկրի անվտանգության համար: Նախարարը հավելել է, որ տվյալ որոշումը հնարավորություն կտա օրինականացնել ողջ երկրում ուրբաթօրյա խութբաների կազմակերպման գործընթացը:
Օրեր առաջ էլ տեղեկատվություն հայտնվեց, որ Եգիպտոսում արգելվել է «Մուսուլման եղբայրների» գործունեությունը: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հայտարարել է, որ միայն օգոստոսի 14-18-ին Եգիպտոսում զինվորականների ու ոստիկանների կողմից չափից ավելի ուժ գործադրելու հետևանքով սպանվել է առնվազն 1089 մարդ: