ԱՄՆ-ում պահանջում են նոր հետաքննություն սկսել սեպտեմբերի 11-ի աղետի վերաբերյալ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրանում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների դեմ իրականացված ահաբեկչության 12-րդ տարին: Աղետը խլեց գրեթե 3000 մարդկային կյանք և դարձավ շրջադարձային պահ՝ ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականության համար:
Դրա հետ կապված՝ առաջ է քաշվել «Վերաիմաստավորել 9/11-ը» (rethink 911) նախագիծ, որը պահանջում է նոր հետաքննություն սկսել Առևտրի համաշխարհային կենտրոնի 7-րդ աշտարակի կործանման շուրջ: «Հանուն արդարության ինժեներներ ու ճարտարապետներ» կազմակերպությունը (մոտ 2000 մասնագետ) կասկածի տակ է դնում երեք աշտարակների կործանման վերաբերյալ պաշտոնական տարբերակը:
Խոսքը գնում է 1-ին և 2-րդ աշտարակների, որոնց խոցել են ահաբեկիչների կողմից գրավված ինքնաթիռները, և հատկապես 7-րդ աշտարակի մասին, որը կործանվել է առաջին երկու աշտարակների փլուզվելուց մոտ 5 ժամ անց: Տեսանյութերը վկայում են, որ 7-րդ աշտարակի կործանումը հիշեցնում է որպես վերահսկվող պայթյունի հետևանք:
Այդ նպատակով կազմակերպվել է հանրագիր, որի տակ իր ստորագրությունն է դրել ավելի քան 7000 մարդ: Այսօր Նյու Յորքում զոհվածների հիշատակը հարգելուց բացի, երեկոյան ժամերին կանցկացվի նաև բողոքի ակցիա: