Լյովա Խաչատրյանի խնդրանքը՝ Գորիկ Հակոբյանին. Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հրաժարականը չե՞ք պահանջում այն բանից հետո, երբ նա քաղաքացուն «էշ» անվանեց, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը արձագանքեց. «Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ տենց կոպիտ ձևով»: ԲՀԿ-ական պատգամավորը հավաստիացրեց, թե նման հայտարարություն Գորիկ Հակոբյանի կողմից չի լսել, ապա նշեց. «Դատապարտելի է, եթե նման բան է արել»:

Այնուամենայնիվ, անդրադառնալով Գորիկ Հակոբյանի հրաժարականի մասին հարցին, նա նշեց. «Դե ամեն ինչի համար հրաժարական հո չե՞նք պահանջելու: Կան ավելի բարդ բաներ, ավելի սխալ բաներ է կատարում, բայց հրաժարական չենք պահանջում: Պետք է դասակարգել: Առաջին հերթին, որը կարելի է հրաժարական պահանջել, երկրորդին որը, երրորդին՝ որը: Այ հիմա մարդ մի հատ արտահայտություն է արել, դրա համար պահանջե՞լ, երբ մեկը մեշոկներով փողերը ստից ընդեղ է տանում՝ հրաժարական չենք պահանջում: Մարդիկ կան աղքատացնում են, արտագաղթի են մղում ՀՀ հազարավոր քաղաքացիներին: Կա տարբերություն՝ պատասխանատվության բերելու անհրաժեշտության…»: Լրագրողների դիտարկմանը, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հորդորը՝ «քաղաքացու հետ Դուք-ով խոսելու» մասին չի պահպանվում, նա արձագանքեց. «Դաստիարակության խնդիր է»:

Տեսանյութեր

Լրահոս