Բաժիններ՝

Firefox բրաուզերի համար հայերեն սխալների ուղղման ծրագիրն ունի 200.000 բառաձև

Firefox բրաուզերի համար հայերեն սխալների ուղղման ծրագիրն ունի հայերեն լեզվի 200.000 բառաձև: Այս թիվը, սակայն, առաջիկայում 2-3000 բառաձևով կթարմացվի կամ կավելանա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի հեղինակ Ալեքսեյ Չալաբյանը` նշելով, սակայն, որ բառաձևերի այդ քանակը հայերեն սխալների ուղղման ծրագրում դեռևս բավարար չէ՝ ամբողջովին անսխալ սխալների ուղղում կատարելու համար:

«Եթե անգլերենի պարագայում 30-40 հազարը տալիս է բավարար արդյունք, ապա հայերենում դա այդպես չէ: Հայերենում պետք է 70-80 անգամ ավելի շատ բառաձևեր լինեն, քանի որ շատ են տարբեր հոլովները, բառերի քանակն ու բառաբարդությունները»,- ասաց Ա. Չալաբյանը: Նրա խոսքով` ուղղագրության սխալների ստուգման համակարգում, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 3-4 մլն բառաձև ներառել` նախադասությունում որևէ սխալ թույլ չտալու համար:

Տեղեկացնենք, որ սխալների ստուգման համակարգի աշխատանքները սկսվել են դեռևս 2007 թվականից: Firefox բրաուզերի համար հայերեն սխալների ուղղման ծրագիրը հասանելի է 2009-2010 թվականներից: Վերջին տվյալներով` 2010 թվականից մինչ օրս ծրագիրը բեռնել էր մոտ 25.000-ից ավելի օգտվող:

«Հիմնականում նմանատիպ ծրագրերը ստեղծվում են կամավոր և, եթե նման կամավորների թիվն ավելի շատ լինի, ապա այդ աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ կարելի է կատարել»,- ասաց Ա. Չալաբյանը` նշելով, որ տվյալ դեպքում ինքը հիմնականում մենակ է աշխատում, իսկ այդ ամենն ուղղակի աշխատանքի զուգահեռ զբաղմունք է:

«Եթե լիներ մի ամբողջական թիմ, կարող էինք շատ ավելի լայնամասշտաբ նմանատիպ գործեր կատարել»,- ասաց Ա. Չալաբյանը:

Սխալների ուղղման ծրագիրն կարելի է ներբեռնել այստեղ. 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս