Հայաստանը դուրս կմնա ՍԴՀԿ-ից
Քիչ առաջ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ ՍԴՀԿ 20-րդ համագումարի պաշտոնական բացումը: Այն տևեց կես ժամ, իսկ բուն համագումարը կանցկացվի Ծաղկաձորում փակ դռների հետևում: Համագումարում այդպես էլ չհայտարարվեց, թե քանի պատվիրակ է ընտրվել, նրանցից քանիսն են ներկայացել համագումարի, և որ երկրներն են նրանք ներկայացնում: 200 տեղանոց դահլիճը հազիվ էր լցվել, այն էլ բազմաթիվ հրավիրյալների, և իրար երբևէ չտեսած ու իրար չճանաչող մադկանց կողմից:
Համագումարի բացման ժամանակ միայն ողջյունի խոսքեր էին և բարեմաղթանքներ, այդ թվում՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Համագումարի ինտրիգը սպասվում է Ծաղկաձորում: Ինչպես նշել ենք, ՍԴՀԿ ղեկավարությունը որոշել է Հայաստանի որևէ ներկայացուցիչ չընդգրկել ՍԴՀԿ նոր վարչությունում: Ծաղկաձորում պետք է տեղի ունենա ՍԴՀԿ նոր վարչության ընտրություն, որն էլ պետք է ընտրի նոր ատենապետ: Ինչպես հայկական ցանկացած ընտրության դեպքում, հնչակյանների մի մասը մտահոգված է հնարավոր ընտրակեղծիքներով:
Ներկա վարչությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը բոյկոտել էր համագումարի հանդիսավոր բացման նիստը: Մեր տեղեկություններով Վահան Շիրխանյանը պատրաստվում է ելույթ ունենալ Ծաղկաձորում և բացահայտել կուսակցության ղեկավարության հակականոնադրական պահվածքը: Մասնավորապես ՍԴՀԿ հայաստանյան կառույցը համագումարին մասնակցում է 12 պատվիրակնորով, սակայն նրանք չեն ընտրվել սկզբնական կազմակերպություններում կայացած ժողովներում, այլ նշանակվել են, որպեսզի ապահովեն կուսակցության գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանի վերընտրությունը: Մեր տեղեկություններով, Շիրխանյանը պատրաստվում է խոսել այս մասին, և ընդդիմանալ կուսակցության ղեկավար մարմնում Հայաստանի ներկայացուցիչ չունենալու որոշմանը:
«Ի գործ, ի գործ, ի գործ»,-իր ելույթի վերջում մի քանի անգամ կրկնեց ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչը առաջացրեց շատերի ծիծաղը: Հնչակյաններն ասում են, որ իր ատենապետության չորս տարիների ընթացքում Աճեմյանը ոչինչ չի արել կուսակցությությունն ուժեղացնելու կամ նրա հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ: Միակ տեսանելի գործը, որ նա արել է, Հանքավանում հանգստյան տան շինարարությունն է, բայց դժվար է հավատալ, որ նա իր կուսակիցներին գործելու կոչ անելով, նկատի ունի նման նոր շինարարություններին մասնացելը: