
Աղվան Վարդանյան. Ինձ համար գոնե ակնհայտ է, որ առաջիկայում Ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի կնքվելու

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կրկին հանդիպելու վերաբերյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Նախարարն ասում էր, որ ինքը պատրաստ է ըստ անհրաժեշտության պարբերաբար հանդիպել պատգամավորների հետ և բոլոր հարցերին պատասխանել»,- փոխանցեց Աղվան Վարդանյանը: Հարցին, թե բավարարվա՞ծ եք նրա պատասխաններից, նա պատասխանեց, թե «բավարարվածությունը» ճիշտ բառը չէ, բայց նկատեց. «Հասկանալի է, որ արտգործնախարարը թեկուզ փակ ֆորմատով պատրաստ չէր շատ ավելի բաց ու հրապարակային զրույցի, ինչի անհրաժեշտությունը կար: Կարծում եմ, որ պատգմաավորները կօգտվեն այդ հնարավորությունից ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի շրջանակներում փորձել մտնել էության մեջ»:
Մեր հարցին, թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի՞, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ակնհյատ է մի բան, որ սա ընդամենը գործընթացի ամենասկիզբն է, և որևէ մեկը չի կարող խոսել առավելությունների, թերությունների մասին, ամբողջական գնահատական տալ: Է. Նալբանդյանն ասել է, որ մենք եվրոպացի մեր գործընկերին ասել ենք հետևյալը՝ մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ ինչքան որ Եվրոպան պատրաստ կլինի ընդունել և ինչքան որ չի հակասի մեր՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը: Ինձ համար գոնե ակնհայտ է, որ առաջիկայում Ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի կնքվելու»: