Էդուարդ Շարմազանով. Ընդդիմադիր գործիչները բողոքելու առիթ չունեն
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ ԱԺ պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ հարցադրումների մեծ մասն ուղղել են ընդդիմադիր պատգամավորները: Այս մասին հանդիպման ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նախարարին հասցեագրված հարցերին, նրա հավաստմամբ, բավական հրապարակային ու շատ բաց պատասխաններ են տրվել.
«Նախարարն, ամենակարևորը, պատրաստակամություն հայտնեց Ազգային ժողովի հետ մշտապես քննարկել ցանկացած հարց թե հանձնաժողովներում, թե նման ֆորմատով»:
Նա հավելեց, որ ընդդիմադիր գործիչները բողոքելու առիթ չունեն, սակայն այլ հարց է, թե նրանց բավարարե՞լ է նախարարի պատասխանը, թե՞ ոչ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ շեշտեց, որ դա փակ ռեժիմով քննարկում էր և չի կարող անդրադառնալ մանրամասներին: Այնուամենայնիվ, պատգամավորը կարծիք հայտնեց, որ քննարկումները շարունականան կլինեն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս ընդգծեց, որ չի կարող մանրամասներ հայտնել, քանզի պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ մասին, սակայն նա նշեց, որ չի հասկանում՝ մի տնտեսական միությունը մյուսով փոխարինելու առավելությունը ո՞րն է: