Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանը՝ որդու ազատ արձակման մասին. «Երեք ամիս նստեց, որովհետեւ իմ տղան էր»

«Ես տրամադրություն չունեմ ո՛չ նորից մարզպետ դառնալու, ո՛չ էլ այլ պաշտոնյա, ո՛չ էլ ինձ նման բան առաջարկվել է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝պատասխանելով կայքի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջիկայում որեւէ պաշտոն զբաղեցնել, կամ նրան առաջարկ արվե՞լ է:

«Ոչ մի բան չի առաջարկվել եւ նման բան էլ չկա»,- ասել է նա:

Այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Տիգրան Խաչատրյանը կրակել է Սուրեն Խաչատրյանին պատկանող ինքնաշեն զենքով: Ալումյանը պնդել էր, որ ինքնաշեն զենքը չի կարող լինել օրինական, սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ այն Խաչատրյանին նվիրել է նախկին ոստիկանապետը, ուստի այն օրինական է: «Փաստորեն ոստիկանապետը ապօրինի պատրաստված զե՞նք է նվիրում նրան»,- հարցրել էր փաստաբանը:

Հարցին, թե տեսանյութում ո՞վ է եղել վերեւից կրակողը, երբ ինքը քնած է եղել միջադեպի ժամանակ, նա պատասխանել է. «Ուրեմն ես ուզում եմ ասել, որ իմանաք՝ ինքնաշեն զենք գործի մեջ չկա, վերեւից, ներքեւից էլ կրակոց չկա, ինչ-որ կա տեսագրությունում՝ բացարձակ ճշմարտություն է: Տեսագրությունը, փորձագետների պատասխանները բերելու էին նրան, որ իրավաբանորեն գործի ավարտը հասներ այս օրվան:

Կարդացեք նաև

Փորձաքննություն է եղել եւ փորձաքննության եզրակացությունից հետո բոլորը ստորագրել են, բոլորն էլ տեսել են, որ մենք առարկություն չունենք, փորձաքննությունը ճիշտ է, տեսագրությունը մոնտաժված չէ, բոլորի կարծիքն էլ սա էր: Հիմա ոնց եղավ, որ բոլորի կարծիքը փոխվեց: Համենայն դեպս ես գիտեմ, որ որեւէ առարկություն, որեւիցե բողոք չունեն, բայց էսօր բողոքում են»:

Կայքը Սուրեն Խաչատրյանից նաև հետաքրքրվել է, թե ինքը ինչ է կարծում այն մասին, երբ «անհրաժեշտ ինքնապաշտպանությունից» հետո որդուն երեք ամիս «նստեցրել են», Սուրեն Խաչատրյանը ի պատասխան ասել է. «Երեք ամիս նստեց, որովհետեւ իմ տղան էր, եթե ուրիշը լիներ, կարող է առաջին օրն էլ արձակվեր: Դա ոչ շատ մեծ ժամանակ է, ոչ էլ քիչ ժամանակ է, որպեսզի իրականությունը ճշտվեր»:

Հարցին, թե ո՞րն է եղել Սուրեն Խաչատրյանի հայրական խորհուրդը որդուն, նա տղայի վերադառնալուց հետո արդյոք խորհուրդ տվե՞լ է եւ ի՞նչ է ասել որդուն. «Իհարկե խորհուրդ տվել եմ, ասել եմ իրեն, որ անցած երեք ամսվա ճանապարհը մոռանա, այդ երեք ամսվա ժամանակահատվածը ամբողջությամբ թող մոռանա, եւ ինքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակի մարդու նման ապրել»,- ասել է Սուրեն Խաչատրյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս