Բաժիններ՝

Մաքսային միությանը Հայաստանի միանալու շուրջ բանակցությունները կարող են մեկնարկել հոկտեմբերին. ՌԴ առաջին փոխվարչապետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ բանակցությունները կարող են մեկնարկել արդեն այս տարվա հոկտեմբերին:

Այս մասին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու փոխվարչապետների մասնակցությամբ խորհրդաժողովում հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

Վերջինիս կարծիքով՝ դա կլինի բարդ աշխատանք, ինչը կպահանջի որոշակի ժամանակ, քանի որ նախատեսում է միանալ Մաքսային միության մաքսային օրենսգրքին, պարտավորություններ ստանձնել բուսասանիտարական նորմերի, միասնական սակագնի, տեխնիկական կարգավորման և այլնի շուրջ:

Շուվալովն ընդգծել է, որ հոկտեմբերին դիրքորոշումների համաձայնեցման դեպքում համապատասխան ցուցումներ կտրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կապված Հայաստանի հետ կոնկրետ բանակցություններ վարելու մեկնարկի հետ: Մինչ այդ, սեպտեմբերի 25-ին կայանալիք Տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում զեկույց է պատրաստվելու Մաքսային միության մեջ Հայաստանի մտնելու հնարավորության մասին:

Հենվելով փորձագետների կանխատեսումների վրա՝ Շուվալովը հայտարարել է, որ բանակցային գործընթացի շրջանակներում ինտեգրման հիմնական դրույթները կհամաձայնեցվեն մինչև 2014 թվականի մայիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս