«Սերժ Սարգսյանը զոհ է գնացել Ռուսաստանի իմիջի պահպանմանը»

«Հայազն» կուսակցության ներկայացուցիչները, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում  խոսելով Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության և եվրոպական ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մասին, հայտարարեցին, որ դեմ են թե´ եվրոպական, թե´ եվրասիական ինտեգրացիաներին:

Հարցադրմանը, թե որքանո՞վ է հնարվոր ապրել առանց ինտեգրացիայի և արդյոք արդարացվա՞ծ է  պետության մեկուսացումը` տարածաշրջանային ներկայիս իրավիճակում, «Հայազնի» վարչության անդամ Արմեն Աղայանը պատասխանեց, որ Հայաստանի շուրջ ստեղծված հատուկ իրավիճակն այժմ պարտադրում է պահպանել ինքնուրույն որոշումները կայացնելու հնարավորությունը, քանի որ, ըստ նրա, Հայաստանի խնդիրները չեն կարող լուծվել որևէ այլ վերպետական համակարգում` ընդհանուր կանոններով:

«Երկու համակարգերի (եվրոպական և եվրասիական,-Ա.Ս.) մեջ ներառվելու դեպքում այսօրվա մեր ժողովրդագրական խնդիրները միանշանակ բազմապատկվելու են: Երկու տեղում էլ կա շուկաների ընդհանրության սկզբունքը, որն առաջին հերթին վերաբերում է նաև աշխատուժի շուկային, իսկ Հայաստանում աշխատուժի շուկան արհեստականորեն սնուցվելու կարիք ունի: Սա երկու համակարգերի դեպքում էլ արդիական չէ…»,- ասաց նա:

«Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ ինտեգրացիան ենթադրում է լծակների ավելացում, ո´չ, լծակները հանձնում ես որևէ վերպետական կառույցի` մասամբ կամ ամբողջովին…Նույնիսկ եթե այդ պայմաններում ընդունում ենք Ռուսաստանի թելադրած կանոնները և մտնում ենք ինչ-որ վերպետական կառույցի մեջ, մենք իսկապես զրկվում ենք բազմաթիվ լծակներից: Գուցե Սերժ Սարգսյանի համար սա կարևոր չէ… Հայաստանի իշխանությունները, բոլոր իշխանությունները, իրենց ներքաշեցին այսօրվա խայտառակ ընտրության մեջ…Եթե դու որևէ չափով հրաժարվում ես քո անկախությունից, որևէ մեկը` տվյալ դեպքում Ռուսաստանը, շատ հանգիստ իրավունք ունի պահանջել` «նախ արի մտի իմ մեջ, հետո միասին կգնանք այդ արևմտյան ուղղությամբ»:

Եվ նա պահանջեց ու ստացավ, որովհետև դու փաստարկ չունես, դու չես բերում փաստարկ, որ անվտանգության, ժողովրդագրական խնդիրներ ունես, այլ տիպի պետական կառուցվածք ես ուզում: Չես ներկայացնում որևէ ազգային խնդիր և ընդամենը ասում ես` ձե´զ հետ էլ եմ ուզում լավ լինեմ, ձե´զ հետ էլ: Եվ այդ «լավ լինելն» արտահայտվում է այսպես` «ուզում եմ մտնել ձեր մեջ, ենթարկվեմ ձեզ, ձեր խորհուրդները լսեմ, վաճառեմ ձեզ իմ ունեցած-չունեցածը»: Եթե դու այդպիսին ես, արդեն քո տերը չես, ով ուժեղ է, նա էլ քեզ կվերցնի»,- ավելացրեց Արմեն Աղայանը:

«Հայազնի» ներկայացուցիչը կարծում է, որ պետության ինքնիշխանությունը պահպանելը հնարավոր է մեկ դեպքում` «եթե քաղաքական վերնախավը թալանչի չէ»:

«Անկախությունը ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունն է»,- ասաց նա:

«Ռուսաստանն առևտրական պետություն է` գազ, նավթ, զենք, թանկարժեք քարեր վաճառող: Որպեսզի Ռուսաստանի վերնախավն այդ ամենը վաճառի, նրան որոշակի կայունություն է պետք երկրի ներսում և պետք է որպեսզի իր քաղաքացիները հավատան, թե ինքը վերականգնվող կայսրություն է: Այսինքն` դա իրենց իմիջն է: Սերժ Սարգսյանը, ով յուրացրել է Հայաստանի նախագահի պաշտոնը, զոհ է գնացել այդ իմիջի պահպանմանը, որովհետև երբ Ուկրաինան ասում է` չէ, Ուզբեկստանն ասում է` էլ չեմ ուզում, այդ իրավիճակում պետք էր գոնե մեկը, ով կհամաձայներ, և դա Սերժ Սարգսյանն էր»,- ասաց Արմեն Աղայանը:

Տեսանյութեր

Լրահոս