«Հայազն» կուսակցությունը դեմ է և´ եվրոպական, և´ եվրասիական ինտեգրացիաներին

«Մենք սկզբունքորեն դեմ ենք որևէ ինտեգրացիայի` դրանք համարելով Հայաստանի ինքնիշխանությունը էապես սահմանափակող հանգամանքներ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: Վերջինս ընդգծեց, որ իրենց կուսակցությունը դեմ է և´ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը,  և´ եվրոպական ինտեգրացիային, քանի որ, ըստ նրա, «ինտեգրացիա» տերմինն ինքնին նշանակում է ներառվել որևէ վերպետական համակարգում, որպիսիք են Եվրոպական միությունը և եվրասիական նախագիծը:

«Ինտեգրացիան հաստատ առևտուր անելը չէ, այս կամ այն ոլորտում համագործակցելը չէ: Մենք սկզբունքորեն դեմ ենք որևէ դաշինքի, որը դեմ է մեկ այլ դաշինքի, անդամակցությանը նույնպես: Այս տեսակետից` այսօր մենք հանդես ենք գալիս միաժամանակ եվրոպական և եվրասիական ինտեգրացիաների զույգ վեկտորների դեմ»,- ասաց Արմեն Աղայանը:

«Հայազնի» ներկայացուցիչը հայտարարեց, որ որպես վաղվա հայկական պետության տեսակ ընդունում է «բացարձակ ինքնիշխանությունը», որին կուսակցություն ձգտելու է հասնել «ազգային հեղափոխության» միջոցով, ինչը, կուսակցության մամուլի խոսնակ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով, հնարավորություն կտա ոչ միայն դիմակայել արտաքին մարտահրավերներին, այլև ազատվել «ներքին ախտերից»:

Մենք հետաքրքրվեցինք` այդ դեպքում պետության զարգացման ի՞նչ քաղաքական, տնտեսական ու քաղաքակրթական հայեցակարգ է առաջարկում «Հայազն» կուսակցությունը, եթե մերժում է թե´ եվրասիական, թե´ եվրոպական մոդելները: Ի պատասխան` Արմեն Հովհաննիսյանը նախ կասկած հայտնեց, որ Եվրոպական և Եվրասիական միությունների միջև կան քաղաքակրթական տարբերություններ` կարծիք հայտնելով, որ դրանք «ընդամենը միևնույն գաղափարների տարբեր ձևակերպումներն են»: Ըստ նրա`«Ռուսաստանը` Արևմուտքի շատ վատ տարբերակն է»:

Կարդացեք նաև

Պատասխանելով մեր հարցին` կուսակցության մամուլի խոսնակն ասաց, որ «Հայազնի» համար առաջնային է, որպեսզի հայ ազգն իր տարածքում ստեղծի ինքնիշխան պետություն:

«Ցանկացած ինստիտուցիոնալ որոշում, ինստիտուցիոնալ մոդել կամ դրա տարրերը, որոնք բխում են ինքնիշխանության շահերից, մեզ համար ընդունելի են: Իսկ եթե խոսում են բարձր բառերով` «եվրոպական արժեք», «ամբողջ աշխարհը գնում է այս ուղիով», բայց դրանք բերում են Հայաստանի դեպոպուլիացիային, Արցախի պատերազմի արդյունքների վերանայմանը` ոչ մեր օգտին, այսինքն, փաստորեն, պարտությանը` դիվանագիտական մակարդակով, դա մեզ համար անընդունելի է: Ես հիմա չեմ կարող կարդալ կուսակցության ողջ ծրագիրը, բայց կարող եմ ասել, որ մենք հավատում ենք, որ հայ ազգը նախ իրավունք ունի և հետո` ի վիճակի է իր տարածքում ստեղծել ֆունկցիոնալ, գործունյա արդի պետականություն»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս