Բաժիններ՝

Մենք ունենք ոչ մեծ Բելառուս, հսկա Ռուսաստան և այժմ փոքր Հայաստան, որոնք ունեն միանման իրավունքներ. Սերգեյ Գլազև

ЭХО Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին.

«Ի սկզբանե հայտարարվել է, որ Ուկրաինան մասնակցում է ինտեգրացիոն գործընթացի: Ուկրաինան եղել է Միասնական տնտեսական տիրույթի համահիմնադիր: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ Միասնական տնտեսական տիրույթի մասին պայմանագիրն Ուկրաինան վավերացրել է բազում տարիներ առաջ, դա ուկրաինական օրենսդրական բազայի մի մասն է:

Եթե նրանք հետագայում էլ շարժվեին այդ ուղղությամբ, ապա այսօր կունենային Բելառուսի նման գազ, որը երեք անգամ ավելի էժան է: Չէ՞ որ Մաքսային միության ներսում և դրսում կնքվող պայմանագրերը սկզբունքորեն տարբեր են: Մեզ մոտ՝ ներսում, գազի շուրջ գործում է հավասար եկամտաբերության սկզբունքը:

Ուկրաինան ինքն է այնպիսի քայլեր անում, որոնք հանգեցնում էն գազի, նավթի թանկացմանը, Ռուսաստանի ու Մաքսային միության շուկայից մեկուսանալուն: Մեզ համար հասկանալի չէ, թե ինչու է Ուկրաինայի ղեկավարությունն անում նման քայլեր:

Այժմ ասում են, թե Ռուսաստանը շանտաժի է դիմում, ձեռքերն է թափահարում, առևտրային պատերազմներ է վարում: Մենք ասում ենք հավասարի իրավունքով մուտք գործեք մեզ մոտ՝ Մաքսային միության մեջ: Մենք ունենք ոչ մեծ Բելառուս, հսկա Ռուսաստան և անգամ փոքր Հայաստան, որը այժմ միանում է մեզ: Նրանք ունեն միանման իրավունքներ, ձայների միանման քանակ:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը սահման չունի Մաքսային միության հետ, բայց չէ՞ որ մենք ունենք Կալինինգրադի մարզ, որի հետ նույնպես սահման չունենք: Մեզ համար տարբերություն չկա դա պետություն է կամ մարզ:

Գլխավորը միասնական մաքսային տարածքն է: Մաքսային միության արդեն 5-րդ աշխատանքային տարին է, ինչ մեր միասնական մաքսային տարածքում գոյություն ունի Կալինինգրադի մարզը, որի հետ մենք չունենք ընդհանուր սահման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս