Նաիրա Զոհրաբյանը՝ Հովիկ Աբրահամյանի պատասխանների և ԲՀԿ մասնատման լուրերի մասին
Այսօր ԱԺ 5-րդ գումարման չորրորդ նստաշրջանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները իրենց դժգոհությունը հայտնեցին, որ Մաքսային միության անդամագրության մասին Սերժ Սարգսյանի որոշումից առաջ քննարկում չեն անցկացրել, ավելին՝ տեղյակ չեն եղել որոշման մասին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ պարզաբանեց, թե Սերժ Սարգսյանը քննարկում է ունեցել իրեն սատարող ուժերի՝ կոալիցիոն ուժերի հետ:
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե բավարա՞ր էր Հովիկ Աբրահամյանի պարզաբանումը: Ինչին ի պատասխան նա նշեց. «Իհարկե բավարար չէ: ՀՀ օրենսդիր մարմինը ՕԵԿ և ՀՀԿ կուսակցությունները չեն: Խորհրդարանը որպես երկրի թիվ մեկ ներկայացուցչական մարմին, գործընթացներին պետք է տեղյակ լիներ մինչև քաղաքական որոշում կայացելը: Երբ հանրապետական որոշ գործընկերներ այս օրերին պարբերաբար հայտարարում են, թե միևնույն է՝ փաթեթը գալու էր խորհրդարան, ես կրկնում եմ, խոսքը վերաբերում է մինչև քաղաքական որոշում կայացնելը, երկրի հիմնական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անելը: Քաղաքակիրթ երկրներում ահա սա է լինում խաղի միակ կանոնը: Իսկ այսպես ստացվում է՝ ճաշից հետո մանանեխ տարբերակով, որովհետև բոլորս էլ գիտենք, որ ինչ փաթեթ էլ բերվի խորհրդարան, խորհրդարանական մեծամասնությունը կարգապահ, կանոնավոր քվեարկելու է կողմ, երբ այդպես է հանձնարարված»:
Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ում Մաքսային միությանը անդամագրվելու հարցում տեսակետները բաժանվել են, ԲՀԿ-ն երկու թևի է մասնատվել, նա հերքեց:
«Չի հապատասխանում իրականությանը շատ պարզ պատճառով, որովհետև մենք դեռևս համապարփակ տեղեկատվություն չունենք՝ ի՞նչ է տալու Մաքսային միությունը, տեղեկատվություն չունենք՝ ինչո՞ւ տխուր վախճան ունեցավ Եվրոպական գործընթացը: Երբ կտրամադրվի համապարփակ տեղեկատվություն, մենք կհայտնենք մեր կուսակցության դիրքորոշումը: Սա այն հարցն է, որ չպետք է առաջնորդվենք՝ ասում են, լսել ենք, մեկը պատմում է չափանիշներով, մոտավորապեսներով: Պետք է խորհրդարանին հստակ տեղեկատվություն տրվի»:
168.am-ի հարցին, թե Եվրոպայի արձագանքը ինչպիսի՞ն էր, համարժե՞ք էր մեր կատարած քայլին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Արձագանքը համարժեք է: Երբ դու մի գործընկերոջ հետ չորս տարի ամենօրյա ռեժիմով բանակցություններ ես վարում՝ բացարձակապես այլ տնտեսական ռեժիմին միանալու վերաբերյալ, բայց չորս րոպեում 180 աստիճանի շրջադարձ ես կատարում, ինձ համար որպես ԵՄ ինտերգման հանձնաժողովի նախագահ եվրոպական գործընկերների արձագանքը համարժեք է»:
Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ Մաքսային միությունը ավելի բարենպաստ ռեժիմ է, բայց ենթադրություններով, ըստ նրա, չպետք է առաջնորդվել և որոշումը կայացնելուց առաջ պետք է կոնսուլտացիա անցկացվեր քաղաքական ուժերի հետ: «Կիկոսի մահով քաղաքական մեկնաբանություններ անելը մեր մոտիացիան չէ»:



