Հովիկ Աբրահամյան. Քննարկելու ենք, գաղտնի ոչ մի բան չենք անելու, ես հստակ ասացի՝ боевая готовность номер один

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նստաշրջանի մեկնարկի ժամանակ առաջարկեց քննարկել Մաքսային միությանը միանալու մասին միջպետական փաստաթուղթը՝ ԱԺ հրավիրելով ԱԳ նախախարար Էդվարդ Նալբանդյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ պատգամավորի առաջարկին արձագանքեց այսպես. «Մեզ ինչի՞ համար է պետք, որ միջպետական պայմանագիր քննարկենք, որ ԱԳ նախարարը գա: Մենք այնպես էլ կհրավիրենք: Նախագահի լիազորությունն է տալ համաձայնություն, երբ նախագահը իրեն սատարող քաղաքական ուժերի հետ քննարկել է հարցը: Ինչո՞ւ եք ասում, թե ԱԺ-ին չեն հարցրել ու որոշում են կայացրել՝ ժամանակը կգա՝ կհարցնենք, յուրաքանչյուր պատգամավոր կհայտնի իր տեսակետը»:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նախ առաջարկեց հանրաքվե անցկացնել, ապա նշեց, որ նախագահը պետք է համաձայնեցներ հարցը նաև իրենց հետ, հետո որոշում կայացներ ու դրա մասին բարձրաձայներ:

«Ես զարմացած եմ Ձեզ վրա: Դուք նախկին արտգործնախարար եք՝ այդ ե՞րբ է հարցը քննարկվել պատգամավորի հետ: Երբ կգա համաձայնագիրը, իրենց դիրքորոշումը կհայտնեն նաև պատգամավորները: Թե չէ մինչ այդ ո՞վ է համաձայնեցնում պատգամավորների հետ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա շեշտեց նաև, որ չկա հայտարարւթյուն այն մասին, թե ՀՀ-ն չի ստորագրելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Ալեքսանդր Արզումանյանն էլ հակադարձեց. «Ես կցանկայանի հասարակությունը թյուրմացության մեջ չընկնի: Դուք ասացիք, որ հայտարարություն չկա, թե ՀՀ-ն չի ստորագրելու պայմանագիրը: Համաձայնագիրը երկկողմ ստորագրություն է պահանջում և երկրորդ կողմը ասել է, ոչ չի ստորագրելու համաձայնագիրը: Դա նույնն է, որ ասես հարսին տվել են ուրիշին, բայց ես մեկ է ամուսնանալու եմ: Երկրորդ կողմը հրաժարվում է ստորագրելուց, սա փաստ է»:

Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց, թե ԱԺ-ն կքննարկի հարցը: Նա համաձայնեց, թե հարցը կարևոր է, ապա շեշտեց. «Քննարկելու ենք, գաղտնի ոչ մի բան չենք անելու: Ես հստակ ասացի՝ боевая готовность номер один»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս