Բաշար Ասադն ԱՄՆ-ից ապացույցներ է պահանջել
Russia Today-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ԱՄՆ-ից պահանջել է ներկայացնել ապացույցներ այն մասին, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում հենց իր կողմնակիցներն են կիրառել քիմիական զենք: Այս մասին երեկ հայտարարել է ամերիկյան PBS և CBS հեռուստաալիքների հաղորդավար Չառլզ Ռոուզը, ով Ասադի հետ զրուցել է նրա նախագահական նստավայրում:
Ռոուզի խոսքերով՝ Ասադը հայտարարել է, որ ապացույցներ չկան, որ ինքը քիմիական զենք է կիրառել իր ժողովրդի նկատմամբ՝ ընդգծելով, որ եթե ամերիկյան վարչակազմն ունի դա վկայող ապացույցներ, ապա թող ներկայացնի դրանք:
Ասադը հաստատել է, որ Սիրիան հարձակման ենթարկվելու դեպքում անպայմանորեն կտա պատասխան: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ բնույթի պատասխան է հասցնելու: Ռոուզի խոսքերով՝ Ասադն ԱՄՆ-ին հիշեցրել է, որ վերջինս ունի Մերձավոր Արևելքի հակամարտություններին ու պատերազմներին միջամտելու վատ փորձ, ինչի արդյունքները դրական չեն եղել նրա համար:
Ենթադրվում է, որ Ասադի հարցազրույցն ամբողջությամբ հրապարակվելու է այսօր երեկոյան (երբ Մոսկվայում կլինի վաղ առավոտ):



