Իրակլի Ալասանիան անիրատեսական է համարում 2014 թվականին ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը
Ռուսական Коммерсант Власть պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ անիրատեսական է համարում 2014 թվականին ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը:
Լրագրողը նրան հիշեցրել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկու տարի առաջ հայտարարել է, թե Վրաստանը ՆԱՏՕ-ին կանդամակցի 2014 թվականին, ինչին ի պատասխան՝ Ալասանիան հայտարարել է, որ դա անիրատեսական է:
Ալասանիան ընդգծել է, որ Վրաստանը պետք է աֆղանական կամպանիան ավարտի 2014 թվականին, ինչից հետո Վրաստանի զինված ուժերը պատրաստ կլինեն մասնակցել ՆԱՏՕ-ի այլ, կարևոր գործողությունների.
«Շուտով 2015 թվականն է, մենք կդառնանք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մասնիկը, դա նույնպես մեծ փորձ կլինի մեզ համար: Մենք արդեն իսկ սկսել ենք բանակցել ԵՄ-ի հետ, և մեր զինվորականները շուտով կդառնան եվրոպական ազգամիջյան գործողությունների մասնիկը»:
Նշվում է, որ վրացական զինվորական կոնտինգենտն Աֆղանստանում ISAF-ի ուժերի կազմում ներառվել է 2009 թվականի օգոստոսից: Ցայժմ այդ երկրում զոհվել է 29 վրացի զինծառայող: Ներկայումս Աֆղանստանում է գտնվում ավելի քան 1500 վրացի զինծառայող:



