Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ՝ չեղյալ է հայտարարվել Թոմաս Մելիայի այցը Բաքու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան պատվիրակության այցն Ադրբեջան չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը ցանկություն է հայտնել այդ այցը հետաձգել մինչև հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների ավարտ: Դեսպանատունն ափսոսանք է հայտնել, որ տեղի չի ունենալու ամերիկյան պատվիրակության այցն Ադրբեջան, ինչի նպատակն այդ երկրում տիրող նախընտրական իրավիճակին ծանոթանալն է:

Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ ամերիկյան դեսպանատունը շարունակում է ակնդետ հետևել Ադրբեջանի նախընտրական իրավիճակին: Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ խոսքը գնում է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային հարցերով փոխօգնական Թոմաս Մելիայի այցի մասին:

Մելիան այսօր այցելում է Թբիլիսի, որտեղից էլ պետք է ժամաներ Բաքու:

Տեսանյութեր

Լրահոս