Է. Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինկեւիչուսի հետ (լրացված)

Աշխատանքային այցով այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Վիլնյուս ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչուսի հետ, որի ժամանակ նրանք անդրադարձել են Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը եւ այդ համատեքստում հանգամանալից քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով, որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Նախարարները համակարծիք են եղել, որ hարկավոր է  առաջ մղել Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրված արդյունքների վրա։

azatutyun.am –ի փոխանցմամբ` Նալբանդյան-Լինկևիչուս հանդիպման մասին տեղեկատվություն է տարածել նաև Լիտվայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։ Համաձայն լիտվական կողմի հաղորդագրության՝ Նալբանդյանը վստահեցրել է Լինկևիչուսին, որ Հայաստանը ցանկանում է շարունակել ակտիվորեն մասնակցել Արևելյան գործընկերության ծրագրին։

Լիտվայի արտգործնախարարն էլ շեշտել է, որ խորհրդակցությունները շարունակելու և ստեղծված իրավիճակը գնահատելու անհրաժեշտություն կա. այդուհանդերձ, Լինկևիչուսը անհամատեղելի է համարել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությունը և ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալը։

«Մենք հարգում ենք Հայաստանի կամքը, բայց մենք պետք է ընդգծենք, որ Մաքսային միությանը միանալու որոշումը նվազեցնում է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության և ինտեգրացիայի հավակնությունները»,- ասել է Լինկևիչուսը։

Պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Լիտվայի արտգործնախարարը նաև նշել է, որ այս համատեքստում կարևոր է առաջ նայել և չվատնել Արևելյան գործընկերությանը մասնակցելու հինգ տարիների, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքում Հայաստանի ձեռք բերած նվաճումները։ Լինկևիչուսը ասել է` Էդվարդ Նալբանդյանի այցը ցույց է տալիս, որ Հայաստանը ցանկանում է համագործակցել Եվրամիության հետ և մասնակցել Արևելյան գործընկերության ծրագրին։

 

Տեսանյութեր

Լրահոս