
Աբխազական երկաթուղու վերաբացումը կապված է լուրջ ռիսկերի հետ. Բոկերիա

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգի Բոկերիան մեկնաբանել է իր հայ գործընկեր Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը, Վրաստանը և Աբխազիան համաձայնվել են վերականգնել Աբխազական երկաթուղով հաղորդակցությունը.
«Երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կապված է լուրջ ռիսկերի հետ, որոնք բխում են Ռուսաստանից և Վրաստանի տարածքների օկուպացման փաստից: Մենք պետք է զգույշ լինենք, քանի որ Ռուսաստանը մոտ է: Դա մասնավորապես առնչվում է նրան, որ երկաթուղին անցնում է օկուպացված տարածքներով:
Նախագիծն իրագործելիս մենք պետք է հաշվի առնենք այդ բոլոր բարդությունները: Նման նախագծի իրագործումը հնարավոր է այն դեպքում, եթե դա լիներ Վրաստանի ապաօկուպացման հարցի լուծման փաթեթի մասնիկը»:
Բոկերիան հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա արմատական սխալ և վնաս չեն հասցնի Վրաստանի շահերին: Բոկերիայի խոսքերով` Վրաստանի ռազմավարական ու տնտեսական շահերի մեջ է մտնում «Ախալքալաք-Կարս» երկաթուղու կառուցումը, որը լուրջ նախագիծ է և միմյանց է կապում Եվրոպային, Թուրքիային, Վրաստանին ու Ադրբեջանին: