Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալը մեղադրվում է խոշոր չափերի դրամ և գույք պահանջելու և ստանալու մեջ
Սեպտեմբերի 9-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Դ. Մ.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք:
Նախկինում չդատապարտված Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը: Քրեական օրենսգրքի այդ հեդվածը նախատեսում է ազատազրկում յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Դ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործով նախագահող դատավորը Արտուշ Գաբրիելյանն է: