ԵՄ-ն «դժվարանում է պատկերացնել» Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ

Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն՝ պարզաբանելով, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը:

«Ես հաստատում եմ, որ երեկ երեկոյան նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն հանդիպել են և քննարկել վերջին զարգացումները, որոնք հստակ ազդեցություն ունեցան ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա: Մենք շարունակում ենք վերլուծել այս նոր իրադրությունը՝ մեր գործընկերների հետ խորհրդակցելով: Այժմ մենք գտնվում ենք ԵՄ անդամ երկրներին այս նոր իրավիճակի մասին տեղեկացնելու և նրանց հետ խորհրդակցելու գործընթացում: Այս պահին դժվար է պատկերացնել, որ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Մեր ունեցած տեղեկություններով` Մաքսային միության անդամակցության հետ կապված պարտավորությունների համատեղելիությունը  Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտի գոտու համաձայնագրի հետ խնդրահարույց է», – հայտարարեց պաշտոնյան:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ երեկոյան Բրյուսելում հանդիպեց Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Բավական երկար տևած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը չցանկացավ «Ազատություն» ռադիոկայանին հանդիպման վերաբերյալ հարցազրույց տալ և մինչ այս պահը հասանելի է միայն արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը, որում նշվում էր ընդամենը Հայաստանի պատրաստակամությունը շարունակել ԵՄ հետ համագործակցությունը այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը:

Այսօր արդեն ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հաղորդագրությունում ասում է․ – «Մաքսային միությանը միանալու մասին՝ Հայաստանի կողմից հայտարարված ընտրության լույսի տակ դժվար է երևակայել, թե Վիլնյուսի նոյեմբերյան գագաթաժողովին կնախաստորագրվի ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, ինչպես այն նախընթաց բանակցություններով նախատեսվել էր»:

Կարդացեք նաև

Հանձնակատարի ուղերձը մեզ հետ հաստատեց իր խոսնակը․ – «Մենք հարգում ենք մեր գործընկերների սուվերեն կամքը, որոշելու, թե համագործակցության կամ ինտեգրացման որ ձևաչափով են նրանք ցանկանում շարժվել: Մեր բոլորի հետաքրքրություններից է բխում սերտացնել մի քանի տարիների ընթացքում կուտակած ձեռքբերումների վրա հիմնված հարաբերությունները»:

Երկու օր առաջ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե քանի որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր, Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի այն ճշտմանը, թե արդյոք սա նշանակում է, թե անհնարին են դարձել թե՛ Ասոցացման, թե՛ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի ստորագրումը` Եվրահանձնակատարի խոսնակը  հաստատել է. «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրի մի մասն է, որի շուրջ մենք բանակցել ենք և ավարտել բանակցությունները հուլիսին, և ջանքեր էին գործադրվում դրանք նոյեմբերին` Վիլնյուսի գագաթաժողովում նախաստորագրելու: Բայց այս պահին, ինչպես ասացի, դժվար է և խնդրահարույց է թվում պատկերացնել, որ Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, կնախաստորագրվեն»:

Նկատենք, որ այսօր ավելի վաղ Փիթեր Սթանոն հայտարարել էր, թե Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը:

Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս