Նախախորհրդարանի հայտարարությունը՝ Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի հնարավոր սրացման մասին

Նախախորհրդարանի հայտարարությունը Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի հնարավոր սրացման և սիրիահայության սպառնալի դրության մասին

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման հավանականության օրըստօրե մեծացման ֆոնի վրա էապես փոխվում է տարածաշրջանային զարգացումների հեռանկարը` մոտենալով տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի շեմին:

Նման իրավիճակը հղի է առաջին հերթին Սիրիայի, հնարավոր է նաև` տարածաշրջանի այլ երկրների բնակչության, այդ թվում` տեղի հայության համար հումանիտար աղետի սպառնալիքով:

Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվում է լքված պատանդի վիճակում:

Եթե սիրիական հակամարտության անցնող փուլերում Սիրիայի հայ բնակչության համար շատ առումներով առաջնային էին մնում կեցության եւ սննդի հարցերը, ապա ԱՄՆ-ի հարձակման, դրանով պայմանավորված` կառավարական զորքերի ու ապստամբների զորաշարժերի և բախումների էական ակտիվացման, ինչպես նաեւ խաժամուժի լիակատար սանձազերծման հետևանքով ամենայն հավանականությամբ առաջին պլանում կհայտնվի սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը:

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի շեմին դեռևս Սիրիայում ապրող` Դեր Զորից փրկված նախնիների տասնյակ հազարավոր զավակների ֆիզիկական գոյությունը կրկին վտանգված է:

Այս պատճառով այլեւս ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային տարհանումը` ցանկալի է դեպի Հայաստան:

Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրահայ բոլոր առողջ ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսեւորում եւ դրա արդյունավետ պարտադրում ապազգային վարչախմբին` նրա ձեռքի տակ եղած լծակները սիրահայության տարհանման ու դեպի Հայաստան փոխադրման խնդիրների լուծման համար:

Այս գործընթացը քիչ թե շատ հաջող կերպով կազմակերպելու պարագայում պետք է հաշվի առնել, որ սիրիահայերը Հայաստան են գալու որպես փախստականներ, ուստի հարկ կլինի ամեն կերպ ապահովել նրանց նկատմամբ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կիրառումը եւ ՄԱԿ-ի աջակցությունը:

Միեւնույն ժամանակ պետք է նաև նկատի ունենալ, որ սիրիահայերը, որպես հայրենիք եւ իրավունքներ կորցրած նախնիների հետնորդներ, կարող են որևէ այլ, առաջին հերթին` իրենց հայրենակիցների իրավազորության տակ գտնվող տարածքում համատեղ ապրելու եւ իրենց իրավունքները վերականգնելու հավակնություն ունենալ, ինչը հիմք կտա նրանց բնակեցնելու նաև Արցախի ազատագրված տարածքներում:

Նախախորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն  ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ եւ համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության տարհանումը դեպի հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս