Ջրով լի պոլիմերային շշով դատախազի գլխին հարվածելու առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Պետրոսյանը 2012թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել է մեղադրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով. Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ամբաստանյալ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով՝ նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնլիքը կամ բռնի գործողություննները: (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: