
Վանաձորում ամուսինը կացնահարել է կնոջն ու հարսին, ապա վնասել է ինքն իրեն

Օրերս կացնահարության դեպք է գրանցվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 168.am-ի տեղեկություններով՝ 70-անց տղամարդը գիշերը ժամը 24:00-ի սահմաններում իրենց տանը կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը: Վեճին փորձել է միջամտել հարսը, սակայն բարկացած ամուսինը կացնի հարվածներ է հասցրել նաև նրան: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ընտանեկան վեճն առաջացել է խանդի հողի վրա: Ամուսնու մոտ վերջին երկու տարում նաև հոգեկան շեղումներ են նկատվել, սակայն նա Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերում, մեր տեղեկություններով՝ հաշվառված չէ:
Ընտանիքի անդամներին կացնահարելուց հետո ամուսինը փախել է տնից, այնուհետ նրան հայտնաբերել են ոստիկաններն այն պահին, երբ նա կացնով վնասել էր նաև իրեն` կտրելով ձեռքի երակները: Կացնահարված կինն ու հարսը գտնվում են հիվանդանոցում: Կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ամուսինը ձերբակալված է: