Բաժիններ՝

Ե՞րբ է լուծվելու Գյումրիի անօթևան ընտանիքների հարցը

Բնակարանաշինության և անօթևան ընտանիքների խնդիրն օրհասական է Գյումրիի և գյումրեցու համար: Երկրաշարժից հետո գլուխ բարձրացրած խնդիրներին հիմնարար լուծում դեռևս չի տրվել: Մարզի և քաղաքի սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի, արդյունաբերական ոլորտի բացակայության, համատարած գործազրկության և քաղաքում տիրող ներկայիս բարոյահոգեբանական վիճակն ուղղակիորեն նպաստում է արտագաղթի տեմպերի ավելացմանը:

«Շիրակ Կենտրոն» ՀԿ ուսումնասիրությունների համապատասխան` Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: Նույն ուսումնասիրությունների համաձայն` Շիրակի մարզի գյուղական համայնքներում դեռևս մոտ 400 ընտանիքի խնդիր կա:

Gyumri-bnakaranashinutyun1

Gyumri-bnakaranashinutyun

Gyumri-bnakaranashinutyun3

Gyumri-bnakaranashinutyun4

Մարզկենտրոնում 1034 ընտանիքներից մոտ  400-ը մերժված են, 300-ն էլ տարբեր պատճառներով սահմանված ժամկետներում չեն հանձնել պահանջվող փաստաթղթերը և մինչ օրս չեն ճանաչվել որպես փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքներ: «Շիրակ Կենտրոնի» ուսումնասիրությունների համաձայն՝  Գյումրիում 3500 ընտանիքներ ևս ապրում են վագոն-տնակներում: Գյումրիում երկրաշարժից և ոչ երկրաշարժից անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների կարգավորման համար հարկավոր է գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության որոշումներում անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարել, ինչպես նաև` ընդունել խնդրի կարգավորման մասին Կառավարության նոր որոշումներ և ՀՀ օրենքներ:

ՀՀ իշխանությունների խոստումների համաձայն` Գյումրիի Մուշ 2 թաղամասի հարևանությամբ` Մուշ 2-2 թաղամասում, մինչև 2013 թվականի հոկտեմբերը բնակարաններ էին կառուցվելու 420 անօթևանների համար, սակայն խոստումն այդպես էլ մնացել է օդում:

Գյումրիի քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նախաձեռնությամբ  օգոստոսի 31-ին ստուգայց էր կազմակերպվել Մուշ 2-2 թաղամաս, որին կարող էին միանալ բոլոր ցանկացող և շահագրգրգիռ քաղաքացիները և պետական պաշտոնյաները: Ստուգայցի մասնակիցների պնդմամբ` տարածքը ոչնչով չէր հիշեցնում շինհրապարակ, չկար և ոչ մի կառուցվող շենք կամ առհասարակ ` կառուցման մտադրություն:
Մինչ օրս Գյումրիում կառուցված շենքերի որակի հետ կապված խնդիրները նույնպես բազմաթիվ են: Բնակիչները նշում են, որ նորակառույց բնակարաններում ամեն օր մի խնդիր է առաջանում, մեկ` կապված առաստաղի փլման հետ, մեկ` նկուղային հարկերի անմխիթար վիճակի  և այլ խնդիրների հետ:

Գյումրի
Լուսանկարները` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս