
Եգիպտական ավիացիան Սինայի թերակղզում ոչնչացրել է տասնյակ զինյալների

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ռազմաօդային ուժերն այսօր առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Սինայի թերակղզում իսլամական զինյալների բազաներին ու կուտակման վայրերին: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հարվածային ուղղաթիռները «օդ-երկիր» տիպի 12 հրթիռ է արձակել զինյալների ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել ու վիրավորվել են տասնյակ զինյալներ: Եգիպտոսի ՊՆ-ի հայտարարությունից պարզ չի դառնում, թե արդյոք միայն ուղղաթիռնե՞րն են մասնակցել այդ գործողությանը, թե՞ դրանում ներգրավված են նաև ցամաքային ստորաբաժանումներ:
Հարվածները հասցվել են Կահիրեի այն հայտարարությունից մեկ օր անց, որ նա մտադիր է Գազայի հետ սահմանին ստեղծել բուֆերային գոտի՝ 25-500 մետր խորությամբ և 10 կիլոմետր երկարությամբ, ինչը թույլ կտա կրճատել ստորգետնյա թունելներով մարդկանց ու բեռների ապօրինի փոխադրումը դեպի Եգիպտոս և հակառակ ուղղությամբ: