
Ադրբեջանական ռազմանավերն առաջին անգամ ոչ պաշտոնական այցով մեկնել են Աստրախան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի նավերն առաջին անգամ ոչ պաշտոնական այցով վաղը գտնվելու են Աստրախանում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Կասպյան նավատորմի փոխհրամանատար Ալեքսանդր Պրոխորովը:
Վերջինիս խոսքերով՝ ադրբեջանական ռազմանավերն արդեն իսկ դուրս են եկել Բաքվի նավահանգստից, և ներկայումս նրանց ուղեկցում է ռուսական «Վոլգոդոնսկ» հրետանավակը: Վաղն Աստրախան կժամանի ադրբեջանական երեք ռազմանավ, որոնցից մեկը՝ պահականավ: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուլթանով Շահին Աշրաֆօղլուն:
Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը հայտնել է, որ մեկօրյա այցի ծրագրի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպելու է Կասպյան նավատորմի հրամանատարության և Աստրախանի մարզի ղեկավարության հետ: Բացի այդ, ադրբեջանական ռազմանավերը երկու ժամով բաց կգտնվեն այցելել և լուսանկարվել ցանկացողների համար: