Որ սովորություններից են մարդիկ գիրանում
Շատ հաճախ գիրության պատճառը ոչ գենետիկան է և ոչ էլ հորմոնալ խանգարումները: Կան մի շարք սովորություններ, որոնք հանգեցնում են քաշի ավելացմանը: Ավելորդ կիլոգրամներն առաջանում են մեր վարած կենսակերպի պատճառով: Թվարկենք մի շարք վատ սովորություններ, որոնց հետևանքով տեղի է ունենում քաշի ավելացումը:
Անկանոն սնվելը
Նախաճաշ չեք արել, սակայն ճաշի ժամին լրացնում եք բաց թողնվա՞ծը: Շարունակեք այսպես մի քանի շաբաթ և մարսողական համակարգի խնդիրները իրենց սպասեցնել չեն տա: Սննդի ընդունման միջև երկար դադարները օրգանիզմին դնում են էկոնոմ ռեժիմի մեջ, որի արդյունքում օրգանիզմն ավելի քիչ էներգիա է ծախսում: Բացի այդ՝ երկար դադարից հետո մեծ չափաբաժնով սննդի ընդունումը հանգեցնում է նրան, որ պահանջվող էներգիայի մեծ մասը օրգանիզմում վերածվում է ճարպերի:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս սնվել հաճախ, սակայն փոքր չափաբաժիններով` հաշվի առնելով կալորիականությունը: Նախընտրությունը տվեք ոչ յուղոտ կաթնաշոռին, կեֆիրին, մրգերին և բանջարեղեններին:
Արագ սնվելը
Արագ սնվելը նույնպես վտանգավոր սովորություն է, որը նպաստում է քաշի ավելացմանը: Հայտնի է, որ հագեցվածության հորմոնը` գրելինը, սկսվում է արտադրվել օրգանիզմում սննդի ընդունելուց միայն 15-20 րոպե անց: Եթե արագ սնվեք, ապա հագեցվածության համար պատասխանատու կենտրոնը ազդանշան կստանա միայն մեծ չափաբաժնով սնունդ ընդունելուց հետո: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արագ սնվելու հետևանքով մարդը ուտում է իրեն անհրաժեշտ սննդից ¼ ավելի քանակությամբ սնունդ: Ուստի կերեք դանդաղ և լավ ծամեք ուտելիքը:
Սթրես
Հաճախ սթրեսային իրավիճակի դեպքում մխիթարություն գտնում ենք քաղցրեղենի մեջ` լինի շոկոլադ, պաղպաղակ, թե թխվածքաբլիթ: Արդյունքում՝ ավելանում է մարմնի քաշը և ավելացնում սթրեսը:
Սթրեսը հաղթահարելու ալտերնատիվ և արդյունավետ տարբերակ է համարվում սպորտը: Եթե նյարդայնանում եք, ապա զբաղվեք ֆիզիկական աշխատանքով: Ֆիզիկական աշխատանքը չեզոքացնում է սթրեսի հորմոնները և այրում կալորիաները:
Քաղցրավենիքներ
Եթե ձեր սեղանից անպակաս են կոնֆետները, թխվածքաբլիթները և այլ քաղցրեղենները, դա հանգեցնում է առանց սով զգալու դրանց մեխանիկակն օգտագործմանը: Եթե ձեր կյանքը չեք պատկերացնում առանց քաղցրավենիքի, ապա փոխարինեք դրանք մրգերով կամ չրերով: Հիշեք, որ չրերը նույնպես բարձր կալորիա են պարունակում և դրա համար էլ չպետք է չարաշահեք:
Կիսաֆաբրիկատներ և արագ սնունդ
Քաշի ավելացման պատճառներից մեկը նաև կիսաֆաբրիկատների և արագ սննդի նկատմամբ հակումն է: Պահածոները, սառեցված մթերքները և երշիկեղենը հանդիսանում են ածխաջրերի, ճարպերի, աղի, սննդային հավելումների աղբյուրներ, որի հետևանքով դանդաղում է նյութափոխանակությունը:
Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ կազմվածք, ապա անցեք առողջ սննդին և մի օգտագործեք սոուսներ կամ այլ սննդային հավելումներ: Հեռու մնացեք ալկոհոլից, քանի որ օրգանիզմում այն վերածվում է շաքարի, որն էլ օրգանիզմում պահվում է ճարպային մնացորդների տեսքով: