Վահագն Խաչատրյան. «Ակտիվիստների պայքարը մի փոքր անկանախատեսելի է, մենք հաշվենկատ ենք»
«Իշխանության են բերում այն մարդկանց, ովքեր չէին էլ երազում, որ մի օր կարող ա աթոռին նստեն, հրահանգներ տան: Կոմիտաս 5-ի իրադարձությունները սրանց ապացույցն են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանն` անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստների ակցիաներին` ընդդեմ Կոմիտաս 5-ում նախաձեռնված շինարարարության:
«Իրենք ոնց ուզում` տենց անում են` հարգանք չունեն»,- շեշտեց նա: Նույն խնդիրը, ըստ Վահագն Խաչատրյանի, նաև «Փակ» շուկային է վերաբերում: Նա նշեց, որ իր համար անհասկանալի է` Մշակույթի նախարարության կամ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի` երևույթը արդարացնող գնահատականները: «Սրա պատճառն այն է, որ մարդիկ փողոցից եկել են իշխանության, որովհետև հրահանգն է այդպիսին եղել: Ամեն գնով անում են այն, ինչ ուզում են»: Ինչ վերաբերում է ակցիաների ընթացքում ոստիկանության ցուցաբերած վարքագծին, որը տարաբնույթ գնահատականների է արժանանում, Վ. Խաչատրյանի խոսքով, չի այն փոխվել. «Նույն ոստիկանությունն ա, ի՞նչ եք ուզում: Կրկնվում ա… Պարտադիր չէ, որ դեմքը փոխվի, համազգեստը փոխվի: Հոգեբանությունը նույնն է, համակարգը նույնն է, հարգանքի բացակայությունը նույնն է: Ես նայել եմ բոլոր տեսանյութերը և կարող եմ վստահ ասել, որ քաղաքացիական շարժման գործողությունները օրենքի շրջանակներում են կատարվել: Պրովոկացիա եղել է, այո, բայց եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից»:
Մեր հարցին, թե ըստ Ձեզ ինչո՞վ է պայմանավորված գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի լռությունը Կոմիտաս 5-ում ու «Փակ» շուկայում տեղի ունեցող իրադարձությունների մասով, Վ. Խաչատրյանն արձագանքեց. «Նա այն ժամանակ էլ էր լռում: Գնում էին իրանց ընկերներով հավաքվում նախընտրական քարոզչություն էին անո՞ւմ` ոչ: Իր համար ավելի կարևոր է մի բիսետկա բացի բակում, նստելու տեղ բացի ու համարի, որ քաղաքային խնդրի լուծում է: Ծիծաղելի է: Անկեղծ ասած, ես ինձ հիմա չեմ հարգում, որ խոսում եմ իրենց մասին: Իրենք ոչ այս հարցերին են արժանի, ոչ պատասխաններին… իրենք պատահաբար, չգիտես ոնց` եկան իշխանություն դարձան, հիմա էլ սենց են վարվում»:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ կուսակցությունը քաղաքացիական հասարակության կողքին չէ, երբ հիմնավոր է համարում ակտիվիստների պահանջները, նա պատասխանեց. «Ըստ էության, մենք մասնակցում ենք: Նրանք ովքեր կազմակերպել են, իրենք հանկարծ վատ չզգան դրանից… Ամենակրիտիկական պահին, հավատացեք, մենք իրենց հետ ենք լինելու: Հնարավոր ձևերով օգնում ենք` ընկերներ ունենք, ծանոթներ ունենք, լրատվամիջոցների միջոցով ենք անում: Հետո իրենց պայքարը մի փոքր անկանխատեսելի է: Մենք հաշվենկատ ենք, մի փոքր վերլուծական աշխատանք ենք տանում… Այս հարցում չեն համընկնում մեր գործողությունները»: