Ռուսական «մահակն» ու Հայաստանը
Ռուսաստանի նյարդային վարքը Ուկրաինայի՝ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու և հարաբերությունները խորացնելու մտադրության կապակցությամբ խորհելու տեղիք է տալիս, թե ռուսական «մահակը» ինչպե՞ս իրեն կպահի Հայաստանի հանդեպ:
Ըստ տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանի՝ եթե նախկինում տարամեկնաբնության տեղիք կար, հիմա կարելի է ավելի հստակ ասել, որ թե´ գազի գնի բարձրացումը, թե´ Ադրբեջանին զենքի վաճառքը միանշանակ տեղավորվում է «մահակի» կոնտեքստի մեջ: Նրա խոսքով՝ ՌԴ տնտեսական կապերը Հայաստանի հետ այն աստիճան ակտիվ չեն, ինչպես Ուկրաինայի, և խիստ սուր բնութագրեր այդ երևույթը չի կարող ստանալ:
«Մենք չունենք արտահանման այնպիսի դիրքեր, որ մրցակցային լինեն ռուսական արտադրողների հետ և էական ծավալներ ներկայացնեն Ռուսաստանի համար: Այդ առումով նման տնտեսական պատժամիջոցներն ավելի թույլ հարված կլինեն Հայաստանի տնտեսության համար»,- ասաց Բ.Ասատրյանը՝ նշելով, որ մեր հիմնական հարաբերությունները էներգակիրների գներն են և ամենացավոտ խնդիրն է՝ Ռուսաստանի ամենամեծ մասնակցությունը մեր հաևաների հետ Հայաստանի հարաբերություններում. «Առանցքայինը կամ կարևորներից մեկը Ադրբեջանն է: Ըստ էության՝ մենք 2 ուղղությամբ էլ այդ հարվածները ստացել ենք, ուղղակի քաղաքական հայտարություն դեռ չի եղել, բայց տարբեր մեկնաբանություններ այդտեղ կան: Պուտինի վերջին այցը Ադրբեջան միանշանակ կարող ենք դիտարկել այս համատեքստում, քանի որ այս հարաբերությունների մեջ պարիտետային սկզբունքն էր գործում՝ Ադրբեջան այցին հետևում կամ դրան նախորդում էր Հայաստան այց: Միշտ այդպես է եղել: Բացառիկ դեպքերում բաձր կարգավիճակի պաշտոնյա էր այցելում, գոնե վարչապետը: Իսկ այս դեպքում ոչ մեկը չեղավ: Սա էական նշանակություն կարող է ունենալ և ազդակ է բոլորին»:
Բ.Ասատրյանն այս իրավիճակը «բավականին բարդ» բնորոշեց: Նրա գնահատականով՝ խտրականությունն ակնհայտ է՝ ՌԴ նախագահը մի երկիր այցելում է, մյուսը՝ ոչ, մի երկրի հետ ունի ռազմական համագործակցության պայմանագիր, բայց հակառակորդ երկրին զենք է վաճառում, ցածրորակ գազը միջազգային գներով է վաճառում Հայաստանի (հաշվի առնելով հեռավորությունն ու որակը) և նման այլ օրինակներ: